Զելենսկու գրասենյակի ղեկավարը Թրամփի խորհրդականի հետ քննարկել է Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների ապագա շփումները
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը բանակցություններ է վարել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ։ Մասնավորապես, նրանք ամենաբարձր մակարդակով քննարկել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հետագա շփումները, գրում է РБК-Украина-ն:
Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի գրասենյակում, բանակցությունների ընթացքում Երմակն Ուոլցին պատմել է մարտադաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայում զորահավաքի ընթացքի մասին։
Երմակը միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայի համար չափազանց կարևոր է միջազգային գործընկերների՝ առաջին հերթին Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը։
Ուկրաինայի ուժեղ դիրքերը հնարավորություն կտան նրան շարժվել դեպի արդար և երկարատև խաղաղության հաստատմանը, հայտարարել է նա։
«Անդրեյ Երմակը և Մայքլ Ուոլցն առանձին քննարկել են մոտ ապագայում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների միջև անձնական շփումների կազմակերպման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երմակն ու Ուոլցը պայմանավորվել են մշտական կապ պահպանել՝ տեղեկացնելու համար ճակատում տիրող իրավիճակի և Ուկրաինայի առջև ծառացած ընթացիկ իրադարձությունների ու մարտահրավերների մասին։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ իր թիմն արդեն սկսել է կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ։
Մասնավորապես, փետրվարի 3-ին, ուկրաինացի պաշտոնյաները զրուցել են Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։