Հայտնի են Երևանի մետրոյում խուլիգանություն կատարելու մեջ կասկածվողների անունները
Երևանի մետրոյում խուլիգանություն կատարելու մեջ կասկածվողներից մեկը Լիտվայի քաղաքացի է, մյուսները` Ռուսաստանի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն այսօր տեղեկացրել էր, որ փետրվարի 1-ին` ժամը 21:12-ին, «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչ մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել են պատն ու ներկել գնացքը։
ՆԳՆ-ից էլ ավելի ուշ հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացիներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածներն են Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասը, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Ռադգինը, 20-ամյա Սավելի Բիրյուկովը, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովը, 19-ամյա Ստեփան Սայը:
Լուկաս Ռևինսկասը «Պոպիս» ճարտարապետական ստուդիայի տնօրենն է, Գեորգի Ռադգինը սովորում է Մոսկվայի գեղարվեստի և արդյունաբերական ինստիտուտի քոլեջի 2-րդ կուրսում, Սավելիյ Բիրյուկովը սովորում է Սամարայի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ Ստեփան Սայը սովորում է Մոսկվայի ճարտարապետական և ինժեներական քոլեջում: