Առևտրային պատերազմ. Կանադան, Մեքսիկան և Չինաստանն արձագանքել են ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է մինչև 155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին. Մեքսիկան նույնպես հայտարարել է պատասխան մաքսատուրքերի մասին:

«Սա իրական հետևանքներ կունենա ձեզ համար՝ ամերիկյան ժողովրդի համար», – ասել է Թրյուդոն հատուկ ուղերձում, որը մեջբերում է Associated Press-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի սահմանման մասին։ Չինաստանի համար մաքսատուրքը կկազմի 10%, Մեքսիկայի համար՝ 25%, Կանադայի համար՝ 10% էներգառեսուրսների և 25% այլ ներմուծումների համար։ Եթե ​​երկրները որոշեն պատասխանել ԱՄՆ-ին, տուրքերը կբարձրացվեն։

Կանադայի վարչապետն ասել է, որ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը կհանգեցնեն սննդամթերքի և այլ ապրանքների գների բարձրացման։ «Սպիտակ տան կողմից այսօր ձեռնարկված գործողությունները մեզ բաժանում են, ոչ թե միավորում», – ընդգծել է Թրյուդոն: Նրա կարծիքով, դա շատերի համար կարող է հանգեցնել «մութ ժամանակների»։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նույնպես կարգադրել է արձագանքել 25% մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշմանը։ Մեքսիկայի պատասխանը կներառի «մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային միջոցներ»:

«Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին իրականացնել պլան Բ-ն, որի վրա մենք աշխատում ենք, որը ներառում է մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային միջոցառումներ՝ պաշտպանելու Մեքսիկայի շահերը»,- գրել է Շեյնբաումը X սոցիալական ցանցում։

Չինաստանի առևտրի նախարարությունն իր հերթին դժգոհություն է հայտնել չինական ապրանքների համար 25% մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման առնչությամբ։ Պեկինը հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

«Չինաստանը չափազանց դժգոհ է և կտրականապես դեմ է (մաքսատուրքերին)», – ասվում է Առևտրի նախարարության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս