Բրյուսելը խոստանում է կոշտ պատասխան տալ ԵՄ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր մաքսատուրքերին․ Politico
Եվրամիությունը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ դաշինքը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե նա մաքսատուրքեր սահմանի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների վրա, գրում է Politico-ն։
Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, հայտարարել է, որ «ափսոսում է» Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման համար։ ԱՄՆ նախագահը խոստացել է նմանատիպ միջոցներ ձեռնարկել ԵՄ-ի դեմ։
«Մեր առևտրային և ներդրումային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ ամենախոշորն են աշխարհում: Վտանգելու շատ բան կա,- կիրակի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:- Մաքսատուրքերը ստեղծում են անհարկի տնտեսական ցնցումներ և խթանում են արժեզրկումը։ Դրանք վնաս են հասցնում բոլոր կողմերին»:
Միաժամանակ նա հայտարարել է, որ ԵՄ-ն «կոշտ պատասխան կտա ցանկացած առևտրային գործընկերոջ, որն անարդար կամ կամայականորեն մաքսատուրքեր կսահմանի ԵՄ ապրանքների վրա»։
Ինչպես ընդգծում է պարբերականը, Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Մարկ Ֆերաչին էլ ավելի հեռուն է գնացել՝ պահանջելով «կոշտ» պատասխան Բրյուսելից, որը կառավարում է առևտրային հարաբերությունները ԵՄ անդամ 27 երկրների անունից։
«Դոնալդ Թրամփի հետ առևտրային բանակցությունները պետք է ուժային դինամիկայի ձև ունենան, – կիրակի օրը France Info-ին ասել է Ֆերաչին:- Հաշվի առնելով ԵՄ-ի դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքները՝ պարզ է, որ մենք պետք է արձագանքենք»։
Միաժամանակ նա հավելել է, որ «մենք սպասում ենք ամերիկյան վարչակազմի այն որոշումներին, որոնք վերաբերվելու են Եվրոպային»։