Թուրքիան կարող է ընդունել Իսրայելի արձակած որոշ պաղեստինցի բանտարկյալների. Ֆիդան
Թուրքիան կարող է ընդունել որոշ պաղեստինցի բանտարկյալների, որոնց Իսրայելն ազատ է արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ կնքած հրադադարի համաձայնագրով, կիրակի օրը Քաթար կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է AFP-ն։
«Մեր նախագահը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք ընդունել ազատված պաղեստինցիներից մի քանիսին, որպեսզի աջակցենք համաձայնագրին,- ասել է Ֆիդանը Դոհայում կայացած մամուլի ասուլիսում։- Թուրքիան, այլ երկրների հետ միասին, իր ներդրումն է անում այս գործում, որպեսզի հրադադարի համաձայնագիրը մնա ուժի մեջ»։
Գազայի զինադադարի առաջին փուլը նախատեսում է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 33 իսրայելցի պատանդների՝ իսրայելական բանտերում պահվող մոտ 1900 բանտարկյալների, հիմնականում պաղեստինցիների, ազատ արձակման դիմաց: Սակայն այս բանտարկյալներից շատերն ազատ արձակվելուց հետո մշտապես կարտաքսվեն:
Շաբաթ օրը վերջին փոխանակման արդյունքում ազատ արձակված 183 բանտարկյալներից յոթ պաղեստինցի և մեկ եգիպտացի արտաքսվել են:
Քաթարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին կիրակի օրը նույն մամուլի ասուլիսում ասել է, որ ինքը և Ֆիդանը դռնփակ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկել են «օկուպացված պաղեստինյան տարածքներում և Սիրիայում ընթացող իրադարձությունները»։
Քաթարը Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ միասին։
Քաթարի վարչապետը կոչ է արել «բոլոր կողմերին կատարել համաձայնագրի բոլոր դրույթները և անցնել երկրորդ փուլին», որը կոչված է ապահովելու ռազմական գործողությունների առավել ամբողջական դադարեցումը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկուշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան հարցերով բանագնացի հետ, հայտնել են նրա գրասենյակից:



