Հայաստանի պետականությունը պահելու ընդամենը մեկ տարբերակ կա. Փաշինյան
«Ամբողջ հարցը հենց դրա մեջ է. այո, կարծում ենք, որ խնդիրը մեր մեջ է և մեր աշխարհընկալման մեջ է, և ոչ միայն անձամբ իմ, բայց նաև անձամբ իմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թեև իր մեջ է խնդիրը, բայց իր միջի խնդիրը բոլորի մեջ արտահայտվում է:
«Ես օդից չեմ ընկել: Ես չեմ մտածում՝ ձեր մեջ ինչ պրոբլեմ կա, որ այս ամենը… ես մտածում եմ՝ մեր մեջ ինչ պրոբլեմ կա, և մեր մեջի պրոբլեմն արտահայտվում է իմ մեջ, իմ մեջինը՝ բոլորի մեջ: Մենք սոցիալական մի միջավայրում ենք: Ես զարմացած եմ, որ օրհներգի հետ կապված դուք այդպիսի կոնտեքստ եք դնում, որովհետև տեքստի մեջ որևէ բան չի փոխվում: Առաջարկն այն է, որ վերջին տունը տանենք՝ դարձնենք երկրորդ, որ ՀՀ պետական օրհներգն ավարտվի՝ թող միշտ պանծա Հայաստան: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չավարտվի, որ «յուր ազգի ազատության կզոհվի»: Հիմնից հետո մենք ծափ ենք տալիս: Հիմնը ավարտվում է զոհվելու տեսարանով, և մենք ծափ ենք տալիս: Դա դիսկոմֆորտ է առաջացնում: Ծափ չտանք, մի օր էլ ասուլիսում կարող եք հարցնել՝ ինչո՞ւ ծափ չեք տալիս, դա ի՞նչ է նշանակում: Ես կարծում եմ՝ շատ նորմալ է՝ օրհներգն ավարտվի՝ «թող միշտ պանծա Հայաստան», և մենք բոլորս ծափահարենք»,- ասաց նա:
Հարցին՝ պետական մակարդակով երբեք չի ասվել՝ գնանք Արարատ հետ բերենք, հիմա ինչպե՞ս եք ասում, որ ասել ենք՝ Արարատը մերն է, դրա համար մեզ ժանգոտած զենքեր են վաճառում, Փաշինյանը պատասխանեց. «Խոսքը հետևյալի մասին է՝ նախ մենք ինչ ձեռք ենք բերում, ձեռք ենք բերում հիմնականում նոր: Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ մենք առնվազն այնքան, որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել:
Այն վաճառվել է, նաև նվեր ենք ստացել, և խոսել եմ դրա մասին: Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության որևէ բան նվեր ստանանք, կամ եթե եղել է, ես ամբողջը աուդիտ չեմ արել, եղել է շատ քիչ դեպքեր: Խնդիրը աշխարհը ընկալելու մեր ձևերին չանդրադառնալու սովորության մեջ է: Աշխարհը զարգանում է, փոխվում է, շատ բաներ կան աշխարհում, որ չեն փոխվում, բայց մենք ինչպես շարունակել ենք ընկալել ոչ ճշգրիտ, այնպես էլ շարունակում ենք ընկալել ոչ ճշգրիտ: Իմ մեջ էլ կա խնդիր, ձեր մեջ էլ կա խնդիր այն տրամաբանությամբ, որ մենք նույն հասարակության մեջ ապրող մարդիկ ենք, մենք ունեցել ենք կոնսենսուսներ՝ սոցիալ-հոգեբանական կոնսենսուսներ: Ես այդ կոնսենսուսի մաս եմ եղել:
Ես որպես ՀՀ վարչապետ՝ գործել եմ այդ կոնսենսուսի տրամաբանության շրջանակներում, բայց եթե որպես լրագրող կամ որպես պատգամավոր՝ ես ինքս այդ հարցը չեմ տվել՝ բա ի՞նչ պրոբլեմ կա այն մտածողության մեջ, որը որքան ձերն է, էնքան էլ իմն է: Հայաստանյան կոնսենսուսը առնվազն որոշակիորեն պատմական Հայաստանի տրամաբանության մեջ է եղել:
Հակասությունը պատմական Հայաստանի մեր արդիական ընկալման մեջ է եղել: Հանրության, քաղաքական ուժերի մեջ եղել են հատվածներ, որ իր համար կոնսենսուս եղել է այս մի տարբերակը՝ պատմական Հայաստանի, երկրորդի համար՝ երկրորդը, երրորդի համար՝ երրորդը: Բայց իրական Հայաստանը որպես բազիս մեր գործողությունների երբեք չի եղել: Ես հասկացել եմ, որ այդ բոլորիս պրոբլեմը կուտակվում, կենտրոնանում է իմ մեջ: Ես որպես դրա պատասխանատվությունը կրող անձ, ասել եմ՝ մի րոպե, բա ի՞նչ պետք է անենք այս խնդրի հետ, և հանգել այն եզրակացության, որ մենք պետք է որդեգրենք պատմական Հայաստանի և իրական Հայաստանի ընտրանքի մեջ իրական Հայաստանը՝ որպես ՀՀ պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը և ընդմիշտ: Դա է Հայաստանի պետականության հարատևությունն ապահովելու միակ տարբերակը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ուրիշ տարբերակ պարզապես չկա, բայց դեռ խնդիր է, թե ինչքանով կաշխատի այդ տարբերակը. «Դա կախված է նրանից, թե մենք ինչքանով անկեղծ, խորը, համապարփակ կորդեգրենք այդ ռազմավարությունը՝ որպես գաղափարախոսություն: Ինչքան լիարժեք և ամբողջական որդեգրենք, այդքան շանսը պրակտիկայում կիրառելու մեր հնարավորությունը կմեծանա»:
Անդրադառնալով իր վարկանիշի նվազմանը՝ նա նշեց, որ քաղաքականությունն այդպիսի բան է՝ նվազում է, աճում է, երբեմն նվազում է՝ էլ երբեք չի աճում. «Քաղաքական գործունեությունը մարդկանց հետ երկխոսելու միջոց է, իսկ երկխոսությունն ունի երկու կողմ՝ մենք լսում ենք և արձագանքում ենք: Դուք հարցը ամփոփեցիք մի մտքի մեջ՝ չե՞ք կարծում, որ խնդիրը ձեր մեջ է, այո, այդ թվում՝ մեր մեջ է, բայց եթե թույլ տաք և վիրավորական չհամարեք՝ ձեր մեջ էլ է խնդիրը, բայց դրանք տարբեր խնդիրներ չեն: Մեր տարբերությունը միայն մի բանում է, որ ես իմ կարգավիճակի և անցած ճանապարհի բերումով ստիպված եմ դրա հետ առերեսվել, դուք չունեք դրա կարիքը: Եթե ես չառերեսվեմ այդ խնդրի հետ, տեղի կունենան բաներ և՛ ձեզ հետ, և՛ երկրի հետ, ինձ հետը հլա ջհանդամ»:
Մանրամասները՝ տեսանյութում