44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ դիվիզիայի հրամանատարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«2024 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է կայացվել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականին ընդունված ՔՕ 346-րդ հոդվածի 3-րդ մասով (պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով)»,– նշեցին գերատեսչությունից։
2024 թվականի դեկտեմբերի 29-ին միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան` Կարեն Առստամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է դեկտեմբերի 30-ի որոշմամբ։ Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում 21 մեղադրյալների վերաբերյալ 8 քրեական վարույթներ արդեն իսկ հանձնվել են դատարան, որոնցով ընթանում է դատաքննություն։
Նշենք, որ նա դատարանում հարցաքննվել էր երկու տարի առաջ։
Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11-ին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հրամանով` Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, զինվորներն ընկել են շրջափակման մեջ, մեծ մասը զոհվել է, ոմանք էլ` անհետ կորել։ Ըստ մեղադրանքի՝ Առստամյանը պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։
Հավելենք, որ Կարեն Առստամյանը 2020 թվականի նոյեմբերի 8–ին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ամիսներ անց նրան մեղադրանք առաջադրվեց։