«Հայտնի չէ, թե գերատեսչությունների ղեկավարներից ովքեր կմասնակցեն փակ հանդիպմանը». Անահիտ Ադոյան

Դեռևս նախորդ տարվա վերջին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների մի քանի ծնողների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ անհետ կորածների հարցով կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։

Այնուհետև այդ լսումների մասին խոսել էր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Սակայն այսօր հայտնի դարձավ, որ տեղի կունենան ոչ թե ԱԺ լսումներ, այլ փակ հանդիպում Անդրանիկ Քոչարյանի և մի քանի ծնողների հետ։

«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, 168.am-ին ասաց, որ փակ հանդիպմանը մասնակցելու հրավեր ստացել է նաև ինքը, հանդիպումը նախատեսված է այսօր ժամը 13։30-ին։

Կարդացեք նաև

«Ինձ հայտնի չէ, թե ինչու են որոշել խորհրդարանական լսումները չանել, փոխարենը փակ հանդիպում անցկացնել։ Նաև ինձ հայտնի չէ, թե գերատեսչությունների ղեկավարներից ովքեր կմասնակցեն այդ հանդիպմանը»,- նշեց Անահիտ Ադոյանը։

Անահիտ Ադոյանը նաև ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են որոշել հանդիպումը փակ անել։

«Այդ պահն ինձ համար անհասկանալի էր ու խառը»,- ընդգծեց Անահիտ Ադոյանը և հավելեց, որ հարցերին ավելի մանրամասն կարող է պատասխանել այդ հանդիպումից հետո։

Նշենք, որ նախորդ տարվա վերջին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողների մի մասն ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեց՝ պահանջելով հանդիպում Անդրանիկ Քոչարյանի հետ, որպեսզի նրանից պահանջեին հրապարակել պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացությունը։ Սակայն Անդրանիկ Քոչարյանը նրանց չէր ընդունել, փոխարենն ընդունել էր Ալեն Սիմոնյանը՝ ասելով, թե թեմայի հետ կապված տեղի կունենան լսումներ։

Տեսանյութեր

Լրահոս