«Fitch»-ը 2025թ. ՀՀ-ի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 5,5%-ից իջեցրել է մինչև 4,8%-ի 2026թ. այն ավելի կդանդաղի
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը պահպանել է Հայաստանի կայուն վարկանիշը՝ նվազեցնելով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։
Ազգային և արտասահմանյան արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները պահպանվել են «BB-» մակարդակում, կարճաժամկետը` մնացել «B» մակարդակում, իսկ երկրի առավելագույն վարկանիշը՝ «BB» մակարդակում:
Նշվում է, որ Հայաստանի վարկանիշն արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամտի և կառավարման ցուցանիշների համապատասխանությունը համեմատելի երկրների հետ, կայուն աճի հեռանկարները և մակրոտնտեսական քաղաքականության հուսալի համակարգը:
Միևնույն ժամանակ, գործակալության վերլուծաբանները բացասական են համարում այնպիսի գործոններ, ինչպիսիք են տնտեսության փոքր մասշտաբը, բյուջեի զգալի դեֆիցիտը համեմատելի երկրների նկատմամբ, ֆինանսական հատվածի բարձր դոլարացումը և արտաքին քաղաքականության ռիսկերը։
«Fitch»-ի գնահատականների համաձայն՝ ՀՀ տնտեսությունը նախորդ տարի աճել է 6%-ով՝ 2023-ին 8,3%-ով և 2022-ին 12,6%-ով ավելանալուց հետո:
2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 5,5%-ից իջեցվել է մինչև 4,8%, հաշվի առնելով, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը 2025 թվականի առաջին եռամսյակից հետաձգվել է առնվազն 2025 թվականի չորրորդ եռամսյակ։
2026 թվականին, «Fitch»-ի գնահատականներով, երկրի տնտեսական աճն էլ ավելի կդանդաղի՝ մինչև 4,5 տոկոս։
Փորձագետները կանխատեսում են, որ գնաճը երկրում 2025-2026 թվականներին միջինը կկազմի 3,3 տոկոս։
Նշվում է նաև, որ այս տարվա հունվարից գնաճի միջնաժամկետ թիրախային ցուցանիշը 3% է՝ 1 տոկոսային կետի թույլատրելի շեղումով։
«Fitch»-ը նաև ակնկալում է, որ Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ-ի 49,7%-ից մինչև 2026 թվականի վերջ կաճի մինչև 55%, ինչը համահունչ է համեմատելի երկրների համար կանխատեսվող ցուցանիշներին, միևնույն ժամանակ պարտքի դինամիկան զգալիորեն արտարժութային ռիսկի է հակված: