«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
«Արարատցեմենտ» գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը վստահեցնում է՝ գործարանում որևէ բունտ չի եղել, ինչպես տարածվել էր մամուլում:
Պողոսյանը, դիմելով բոլոր լրատվամիջոցներին, հայտարարեց, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հանձնված է հավատարմագրային կառավարման. «Պարոն Ծառուկյանը «Արարատցեմենտ»-ի մենեջմենթով չի զբաղվում: Ես կխնդրեմ այսուհետ լրատվամիջոցները նրա անունը անհարկի չակնարկեն և սուտ տեղեկություններ չհրապարակեն»:
Պողոսյանը պարզաբանեց, թե իրականում ինչ է կատարվել գործարանում երեկ առավոտյան. «Աշխատակիցներին մենք տրամադրում ենք ավտոբուսներ, որոնք հարակից գյուղերից նրանց բերում են աշխատանքի՝ հաշվի առնելով, որ տեղանքը հարմար չէ աշխատողների համար: Որոշ աշխատակիցներ, հետագայում պարզվեց, որ իրենց անձնական նկատառումներից ելնելով, եկել են և փակել են ավտոբուսների ճանապարհը: Ժողովուրդն էլ իջել է, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում: Բունտ, որպես այդպիսին, չի եղել: Ընդամենը 2 տասնայկ մարդ է եղել այդտեղ, տեսել են, որ ոչ մի լուրջ բան չկա, անցել են իրենց աշխատանքին»:
Գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ-ն ևս մեկ անգամ շեշտեց, որ աշխատակիցների հիմնական հարցերը եղել են անձնական բնույթի, որոնք լսել են, հիմնական մասին լուծում են տվել: Իսկ լուծում չստացած հարցերի մասով այս պահին բանակցություններ են տարվում։
Ինչ վերաբերում է աշխատավարձերի ուշացմանը, Պողոսյանն ասաց. «Բոլորդ էլ պատկերացնում եք՝ գործարանը շինարարական կազմակերպություն է, շինանյութ արտադրող կազմակերպություն է, իսկ հունվար ամիսը շինարարության պիկ ժամանկաշրջան չէ: Եղել են տոնական օրեր, հունվարի սկզբի 10 օրը չենք աշխատել, հիմա էլ իրացումը շատ վատ է, ճիշտ է՝ գործարանն ամեն օր աշխատում է, բայց իրացման գործընթաց չի իրականացվում, ուստի ֆինանսական հոսքերն էլ են շատ քիչ»:
Տնօրենի խոսքով՝ իրենք հարցի վերաբերյալ նախապես խոսել են աշխատակիցների հետ և ասել, որ աշխատավարձերը մի փոքր ուշանալու են. «Բոլորը տեղյակ են եղել այդ մասին: Այնպես չէ, որ այդտեղ հավաքված մարդիկ բոլորը բունտ են արել: Ուղղակի համընկել է, իրենք աշխատանքի են եկել այդ պահին, մոտեցել են տեսնելու, թե ինչ է կատարվում:
Այսօրվանից արդեն 90 տոկոսը վճարվել է, իսկ երկուշաբթի ամբողջությամբ կվճարվի: Ասեմ, որ շատ քիչ կազմակերպություններ կան, որոնք իրենց աշխատակիցներին ֆինանսական աջակցություն են տրամադրում: Մենք տրամադրում ենք։ Անձնական հարցերով դիմողներին հնարավորության սահմաններում աջակցում ենք: Մեր աշխատակիցների համար այնքան ենք մտածում, այնպիսի պայմաններ ենք ստեղծել․․․»:
Տնօրենն անդրադառնալով մամուլում շրջանառված լուրին, թե իբր գործարանի վարորդներին ազատում են աշխատանքից՝ օտարերկրյա վարորդներ ընդունելու համար, քանի որ նրանք ավելի էժան աշխատուժ են՝ նշեց. «Մոտ 25-30 հոգի «ԲելԱԶ»-ի վարորդ ունենք: Այդ մեքենաները հին են և մաշվել են արդեն: Ժամանակն է եկել դրանք փոխարինելու նորերով: Վարորդներից ոչ բոլորն են տիրապետում այդ նոր մեքենաներին: Եվ հաշվի առնելով այդ ամենը, նոր վարորդներ ենք ընդունել աշխատանքի: Մեր գործարանում այլազգի հաշված աշխատողներ կան: Ընդունել ենք համապատասխան որակավորում ունեցող մարդկանց, ովքեր կկարողանան այդ տրանսպորտային միջոցները շահագործել»:
Պողոսյանը վստահեցրեց՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր ձևով ոչ մեկին աշխատանքից ազատելու մասին խոսք չի եղել:
«Արարատցեմենտ» գործարանի տեխնիկական գծով տնօրենի ԺՊ Միխայիլ Ռիբկինն էլ ավելացրեց, որ իրենց ունեցած մեքենաները թույլ հզորության են և արդեն վաղուց գերհզորները կան ու ժամանակն էր դրանք փոխարինելու. «Այդ հին տեխնիկաների համար էլ դժվարանում էինք մասեր ձեռք բերել: Դրա համար էլ որոշեցինք թարմացնել: Հին տխնիկայի վրա թողել ենք 18 վարորդ, մնացածն արդեն նոր են: Մեզ մոտ վարորդ կա, որ 20 տարի է աշխատել: Մենք ասել ենք, որ նրանց առանց աշխատանքի չենք թողնի»:
Գործարանի տնօրինությունը վստահեցրեց՝ բոլոր խնդիրները լուծված են, աշխատակիցներն էլ անցել են իրենց գործին: