Ձեր տուն, որ կաֆել խփող եք տանում՝ անունը դնո՞ւմ եք կոռուպցիա. մարդու տրանսֆերտները պետք է տեսնենք
«Մարդուն պետք է ասենք՝ պետությունը չի մտնում գրպանդ, պետությունն ասում է՝ դու իմ տերն ես… Այդ նույն այլաբանությամբ, երբ թոռները նստում են պապիկի գիրկն ու մտնում գրպանը, պապիկը թաթերին չի տալիս, որովհետև հարազատի հարաբերություն է: Հերիք է մեր պետությանն ընկալենք՝ որպես թշնամի: Ռելիկտային ընկալումն էդ ա՝ երբ ասում ենք՝ պետություն, ընկալում ենք էն կայսրությունը, որ մեզ խեղդել է, ճնշել է, սպանել է, որովհետև 15-րդ դարից հետո հենց այդպես է եղել հարաբերությունը: Այս փոփոխությունը պետք է մեր քաղաքացու ընկալումն իր պետության նկատմամբ փոխի»,- ԱԺ-ում համընդհանուր հայտարարագրումը նման կերպ մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը:
«Էնքա՜ն ասեցին՝ պարգևավճար, կոռուպցիա, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում: Ոչ մի ընտանիք ինքն իր համար չի անում այնքան ծախս, ինչքան անում է ՀՀ պետական բյուջեն»,- նշեց նա:
Փաշինյանը հարց հնչեցրեց՝ երբ որևէ մեկը արհեստավոր է տանում իր տուն, ի՞նչ է տեղի ունենում այդ շինարարության հետ, անունը դնո՞ւմ եք կոռուպցիոն ռիսկ.
«Այդ նույն պրոբլեմների հետ բախվում է պետությունը: Իհարկե, կան կաֆել խփողներ, որ պարտաճանաչ են, բայց կան մարդիկ, որ էնքան պատվեր ունեն, չեն ուզում կորցնեն, ժամանակին չեն հասցնում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եկամուտների հայտարարագրումը նաև նրա համար է, որ քաղաքացին բանկից հեշտ վարկ ստանա. «Երբ մարդը գնում է, որ վարկ ստանա, ասում են՝ էս բեր, էն բեր, մարդը իր եկամուտների տարեկան հայտարարագիրը կարող է պրինտ անի, տանի, դնի ցանկացած բանկի դիմաց, բանկն արդեն իրեն որևէ հարց տալու, տեղեկանք ուզելու կարիք չունի: Համընդհանուր հայտարարագրման համակարգից եկամուտ նախատեսված չէ, եթե կա գումար, որը պետք է հարկվեր, բայց չի հարկվում, դա ուրիշ բան»:
Նա օրինակ բերեց՝ մարդը ստանում է անապահովության նպաստ, բայց պարզվում է, որ ամիսը ստանում է 3000 դոլար տրանսֆերտ, պետք է գնան, ասեն՝ էս ի՞նչ տրանսֆերտ է. «Ես էլ իմ ընտանիքի անդամին ամիսը 100 հազար դրամ փոխանցում եմ, դա պետք է երևա հայտարարագրում: Մենք չենք ուզում այդ փողը որևէ մեկիդ ձեռից խլել, ուզում ենք դա վերահասցեագրել այն մարդուն, ով իրոք չունի հացի փող»:
Մանրամասները՝ տեսանյութում