«Ալեն Սիմոնյանն իր ասածների փաստերն ունի՞. այն, որ Արցախը հանձնել են իրենք՝ Պրահայում, փաստ է». Վահրամ Բալայան

Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սպառնացել էր Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ասելով՝ թող լռեն ու ՀՀ գործերին չխառնվեն,  Արցախում իրենց արածների հետևանքները տեսել ենք արդեն։

«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ լավ կլինի, եթե իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, դրա հետևանքը տեսանք։

Կարծում եմ՝ իրենց կողմից ճիշտը լռելն է։ Իրենք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք՝ փախստական։ ՀՀ իշխանությունը մեկն է, և, այո, մենք պետք է որոշում կայացնենք, և իրենք ենթարկվեն այդ որոշումներին, այլ ոչ թե փորձեն ինչ-որ առանձին օրակարգ առաջ բերեն։ Դա չի ստացվելու, թույլ էլ չենք տալու, ու թող հանկարծ չսխալվեն, բազմիցս դրա մասին ասել ենք»,- նշել էր Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով արցախահայերի այն քննադատություններին, որ Բաքվում պահվող գերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու համար ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում։

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի համար արդեն զարմանալի չէ, երբ ՀՀ իշխանություններն Արցախի հանձնման, գերիներին ու պատանդներին աչքաթող անելու մեղավորներին փնտրում են իրենցից դուրս։

Կարդացեք նաև

«Ամեն ինչ խոսելով չէ, Ալեն Սիմոնյանն իր ասածների փաստերն ունի՞, իսկ որ Արցախը հանձնել են իրենք՝ 2022 թվականին Պրահայում, փաստ է։ Երբ մարդը մի բան է ասում, դրան պետք է հետևի փաստերի ցուցադրումը։ Օրինակ, մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, կարո՞ղ են իրենք սրան հակափաստարկ բերել, չե՛ն կարող։

Կարող եմ մի բան ասել՝ այս իշխանությունների վերջին տարիներին ասած որևէ հայտարարության մեջ նորություն չկա՝ փորձում են իրենց ամբողջ մեղքը բարդել այլոց վրա, իրենցից հեռացնել, սա է իրականությունը»,- 168.am հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։

Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ ՀՀ օրվա իշխանությունը լավ գիտի, թե ինչ է արել Արցախի հետ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հիմա փորձում են գտնել մարդկանց, որոնց դրա համար կմեղադրեն։ Իսկ դրա համար ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք այս պահին խեղճ են, զրկված հայրենիքից, տնից, նրանց հեշտ է մեղադրել։

«Ինձ մեկ հարց է հետաքրքրում ու ինձ համար զարմանալի է՝ եթե Արցախն իրենք չեն հանձնել, ապա ինչո՞ւ այս պահին չեն բարձրաձայնում արցախահայերի հավաքական վերադարձի հարց։

Ադրբեջանն այսօր մշտապես խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, դրա հետ կապված մարմիններ է ձևավորել, իսկ ՀՀ իշխանությունն ինչո՞ւ միջազգգային ատյաններում չի բարձրաձայնում արցախահայերի հիմնարար իրավունքների հարցը։

Հասկանո՞ւմ եք, այս ամենն անպտուղ բան է, սա վնասում է ՀՀ անվտանգությանը, մեզ ավելի խոցելի է դարձնում։ Եթե իշխանությունը բարձրացնի արցախահայերի վերադարձի, նրանց անվտանգության հարցը, հայկական կողմի համար լավ դիրքեր կապահովի, բայց փոխարենը ՀՀ իշխանությունները կեղծ թեզ են ձևավորել ու խոսում են դրանց շուրջ»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։

Տեսանյութեր

Լրահոս