
Բաքվում Ալիևն է դատում, այստեղ՝ իշխանությունը. Գարիկ Գալեյանը մեղավոր ճանաչվեց

Այսօր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից միանգամից դատական համակարգ օրենքի ուժով, այլ ոչ ՀՀ նախագահի նշանակմամբ հայտնված Մասիս Մելքոնյանը մեղադրական դատական ակտ կայացրեց 44-օրյա պատերազմի անմահ նահատակ Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ:
Դատական ակտը հրապարակվեց ծայրահեղ ծանր մթնոլորտում. Մասիս Մելքոնյանը զոհված զինծառայողների ամոթի վանկարկումների ներքո շատ հանգիստ կարդաց իր հորինած կամ իրեն տրված մեղադրական ակտը, համաձայն որի՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկումը:
Մինչ այդ պաշտպանական ճառի ժամանակ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը դատավորին կոչ էր արել երկար խորհել որոշում կայացնելուց առաջ:
Երկար չխորհեց, շատ հանգիստ կայացրեց մեղադրական ակտը, ինչից հետո Գարիկ Գալեյանի կնոջ՝ Աստղիկ Գալեյանի ինքնազգացողությունը վատացավ:
«Այս օրը՝ 2019 թվականի հունվարի 17-ին եմ իմ որդուն ճանապարհել հայոց բանակ, այն հույսով, որ 2 տարի անց ես իմ որդուն պետք է դիմավորեմ։ Իմ որդին չեկավ, իմ որդուն բերեցին՝ փակ, դրոշակով փաթաթված։ Ու այսօր դատում են իմ որդու հորը, ի՞նչ զգացողություն պետք է ունենամ ես, որ անհամբեր սպասում եմ, որ այստեղ շուտ ավարտեմ, որ գնամ Եռաբլուր, բայց գնամ այնտեղ՝ ի՞նչ ասեմ իմ որդուն։ Ասեմ՝ հորդ դատեցին, իրենք ամենավերջին սրիկաներն են՝ սկսած ամենավերևներում նստածներից, մինչև այս կամակատարները»,-որոշումից հետո ասաց Աստղիկ Գալեյանը:
Վերջինս նաև հավելեց՝ «Դատախազը 3 տարի 7 ամիս պատիժ է պահանջում՝ ամենավերջին սրիկայի նման, նա կարող է դուրս գալ այստեղ, ես հիմնավորեմ, թե ինչու եմ իրեն անվանում սրիկա»։
«Իրենց թվում է, պետք է համակերպվենք, բայց ինչի՞ հետ համակերպվենք, երբ դավաճանական կերպով տարել են ու մեր երեխաներին սպանել են։ Այն ծնողները, որոնք խոսում են, այդ մասին բարձրաձայնում, դառնում են իրենց աչքի «փուշը», ամեն կերպ ուզում են վնասել, կալանավորել»,-ասաց Աստղիկ Գալեյանը:
Գարիկ Գալեյանը վրդովված էր, չխոսեց, փոխարենը նրա պաշտպանը՝ Վահան Հովհաննիսյանն ասաց՝ անպայման դիմելու են Եվրոպական դատարան:
«Ակադեմիայում զուգահեռ կուրսերում ենք սովորել ես ու Մասիս Մելքոնյանը: Ես չգիտեմ՝ ինչ արեց այսօր նա: Մելքոնյանը իրավաբանության պիլիգրիմն է, «ռահվիրա»: Մնում է շնորհակալ լինեմ, որ չկալանավորեց, այլ տնային կալանք տվեց»,-ասաց պաշտպանը:
Ինչ վերաբերում է տնային կալանքին, Մասիս Մելքոնյանը խստացրեց խափանման միջոցն այն պայմաններում, երբ հենց նոր էր Վճռաբեկ դատարանը, ըստ Վահան Հովհաննիսյանի՝ մերժել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դիմումը խստացնող խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Այս իրավիճակում մնում է միայն զարմանալ՝ ինչպես են Մասիս Մելքոնյանի գոյությունը՝ որպես դատավոր, հանդուրժում փաստաբանական ու հատկապես՝ դատական համայնքները:
Ի դեպ, դատավարությանը ներկա անձանց կարծիքով՝ այդ վճիռը վաղուց կայացվել էր այլ տեղում ու այսօր պարզապես փոխանցվել Մասիս Մելքոնյանին: Այս ընտանիքից վրեժխնդիր են լինում անհնազանդության համար: