ԵՆԲ-ն Հայաստանին 236 մլն եվրո կտա Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար։

2024 թ. նոյեմբերի 12-ին կնքված «Հայաստան. Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

236 մլն եվրոն կուղղվի Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի կառուցմանը։

«Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ Սիսիանից մինչև Շենաթաղ՝ 27.1 կմ երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ»,– ասված է որոշման մեջ:

Ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ, 3 երթևեկելի գոտիներով ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է։

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2033 թ. դեկտեմբերը։
Կառավարության կողմից հավանության արժանացած միջազգային այս պայմանագրի սահմանադրականությունը կքննարկվի ՀՀ Սահմանադրական դատարանում։ Դրական որոշման դեպքում այն կներկայացվի Ազգային ժողովին։

Տեսանյութեր

Լրահոս