««Ղալաթ» են անում. ոչխար ազգից դարձել են շուստրի ազգ, հա՞». Հառիճ գյուղի վարչական ղեկավար
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է, որ «Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։
Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։
Տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական, մշակութային ժառանգություն։ Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Տեսանյութը հայերի դեմ ռասիստական և թշնամանքի ադրբեջանական պետական քարոզի մաս է, որով հետևողական կեղծիքներով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր։
Հառիճավանքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վանական համալիրներից է, հիմնադրվել է վաղ միջնադարում և պատմականորեն եղել է ոչ միայն հայոց հոգևոր կենտրոն, այլև կրթական և մշակութային կարևոր օջախ»։
Հառիճավանքի վանահայր և Թրբանճյանի ընծայարանի տեսուչ Տեր Վաչե աբեղա Մկրտչյանը հիշեցրեց, որ առաջին անգամ չէ, որ ադրբեջանական պաշտոնական հեռուստաալիքներով նման կեղծ հայտարարություններ են հնչում։
«Գաղտնիք չէ մեզ համար, որ Ադրբեջանը բազմիցս նման փորձեր է արել, որ հայկական մշակույթը, վանքերը վերագրեն կամ իրենց նախնիներին, կամ կապեն ալբանական ծագման հետ։
Ամեն մարդ, որը այցելել է Հառիճավանք, տեսել է, որ ակնառու է՝ որևէ օտարածին հետքեր չկան՝ ամբողջը հայկական է՝ իր ամբողջ արձանագրություններով ու պատմամշակութային արժեքով։ Մենք որևէ բան չունենք ապացուցելու, ամեն ինչ ակնհայտ է, ինքներս որևէ խնդիր չունենք, հետևաբար՝ լուրջ չենք ընդունում այդ հայտարարությունները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տեր Վաչե աբեղա Մկրտչյանը։
Հառիճ գյուղի վարչական ղեկավար Ռոլանդ Նազարեթյանն ադրբեջանական կողմի այս հայտարությունները հերթական սադրանք է որակում՝ ասելով, որ Ալիևը հայ ազգի համբերությունն է փորձում։
«Ոչխար ազգից դարձել են շուստրի ազգ, հա՞, փորձում են մեր ազգին խուճապի մատնել։ Արհամարհել է պետք, համբերել ու զինվել։
«Ղալաթ» են անում, որ Ադրբեջանից նման հայտարարություն են անում, կարծում եմ՝ Հայաստանից մտավորականությունը ու քաղաքականությունը հակադարձում են այդ հայտարարություններին։
Պատմություն ու գիտություն գոյություն ունի, որը չի կարող միջազգայնորեն հերքվել։ Գիտական որևէ հիմք չկա։ Շատ բաներ կարող ենք ասել, բայց եթերային բառապաշարով չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոլանդ Նազարեթյանը։
Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզում՝ Հառիճ գյուղում։ Այն միջնադարյան վանական համալիր է՝ միջնադարյան ճարտարապետության գոհարներից։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որին կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով՝ 1201 թվականին։ Վանքը հնում եղել է նաև գիտական կենտրոն, որտեղ սովորել է մեծանուն գրողներից մեկը՝ Ավետիք Իսահակյանը։ Այժմ Հառիճավանքը համարվում է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։