Բաժիններ՝

Ուկրաինան պատերազմի վրա գումար չի աշխատել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը կտրականապես դեմ է պատերազմից օգուտ քաղելու ցանկացած փորձի։ Նրա խոսքով՝ երկիրը ոչ միայն գումար չի աշխատում Արևմուտքից ստացված օգնությունից, այլև ակտիվորեն պատժում է նրանց, ովքեր փորձում են նման բան անել։ Զելենսկին այս մասին ասել է ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Ուկրաինային միջազգային օգնության մեծ մասը տրամադրվում է ոչ թե գումարի, այլ զենքի տեսքով։ Նա վստահեցրել է, որ Ուկրաինայի իշխանությունները կոշտ են արձագանքում օգնությունը չարաշահելու ցանկացած փորձին։

«Այնտեղ, որտեղ տեսել ենք, որ ինչ-որ բան կարող է պատահել զենքի հետ, բոլորի ձեռքերին հարվածել ենք: Մենք պատերազմի վրա գումար չենք աշխատել: Եթե գտնում էինք մեկին, որը փորձում էր դա անել, հարվածում էինք ձեռքերին և կշարունակենք դա անել», – ընդգծել է նա:

Զելենսկին նաև նշել է, որ ապատեղեկատվության տարածումը ևս խնդիր է, որը խաթարում է վստահությունն Ուկրաինայի նկատմամբ և դժվարացնում է միջազգային գործընկերներից աջակցություն ստանալը։

«Երբ ինչ-որ մեկն ասում է, որ Ուկրաինան ինչ-որ տեղ զենք է վաճառում, իսկ Ռուսաստանն էլ տարածում է այս հաղորդագրությունը, մենք միշտ պատասխանում ենք, որ մեր զինվորականներն իրենք կպատժեին այդ մարդկանց, առանց դատ-դատաստանի, քանի որ մենք ռազմաճակատում զենքի պակաս ունենք: Երբ շատ նման տեղեկություններ են հայտնվում, վստահությունն ու օգնությունը կորչում են, հետևաբար, հավատացեք, մենք ավելի շատ պայքարում ենք ապատեղեկատվության, քան իրական դեպքերի (զենքի վաճառքի – խմբ.) դեմ», – եզրափակել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս