
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
«Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո գրանցվել է վեցերորդ զոհը: Ստացած վնասվածքներից հիվանդանոցում 52-ամյա կին է մահացել»,- տեղեկացնում է գործակալությունը՝ վկայակոչելով Նաումբուրգի դատախազության ներկայացուցչին։
Դեկտեմբերի 20-ի երեկոյան Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Ավելի վաղ Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի վարչապետ Ռայներ Հասելոֆը հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։
Ոստիկանությունը կարծում է, որ վրաերթը կատարել է Սաուդյան Արաբիայից 50-ամյա մի տղամարդ, որը գործել է միայնակ: Süddeutsche Zeitung թերթի տվյալներով՝ կասկածյալը փախստական է ճանաչվել 2016 թվականի հուլիսին։ Նա նաև Գերմանիայում բնակության թույլտվություն ունի։