Նեթանյահուի գրասենյակը հերքել է տեղեկությունը, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 34 իսրայելցի պատանդի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն Իսրայելի հետ համաձայնեցրել է 34 պատանդների ցանկը, որոնք պետք է ազատ արձակվեն հրադադարի համաձայնագրի իրագործման առաջին փուլում, հայտնում է Times of Israel-ը:
Տեղեկությունը հայտնել էր Reuters գործակալությունը, որը զրուցել էր ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներից մեկի հետ: Վերջինս ասել էր, որ խմբավորումը փոխանցել է ցանկը և անգամ գործակալությանը ցույց էր տվել այն:
Սակայն ավելի ուշ պարզվել է, որ դա այն ցանկն է, որը մի քանի ամիս առաջ Իսրայելն ուղարկել էր, բայց դրա շուրջ համաձայնություն այդպես էլ ձեռք չէր բերվել: Խոսքն այն պատանդների մասին է, որոնք 2023-ի հոկտեմբերի 7-ից գտնվում են ՀԱՄԱՍ-ի մոտ և որոնց ազատ արձակման շուրջ կողմերը չեն կարողանում պայմանավորվածության հասնել: Ընդհանուր առմամբ, առևանգվել էր 251 մարդ, որից 109-ին ՀԱՄԱՍ-ն ազատ էր արձակել: 91-ը շարունակում է մնալ Գազայի հատվածում: 34-ի մահը հաստատվել է: