
Հունվարի 2-ից 6-ը ներառյալ Երևան-Կապան չվերթերը կիրականացվեն ամեն օր

Հունվարի 2-ից 6-ը ներառյալ Երևան-Կապան-Երևան չվերթերը կիրականացվեն ամենօրյա գրաֆիկով։ Տեղեկությունը հայտնում է «ՆՈՎԷՅՐ» ընկերությունը։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնումը 11:00-ին է, Կապանի «Սյունիք» օդանավակայանից՝ 13:00-ին: Տոմսերի արժեքը մեկ ուղղության համար նույնն է՝ 20.000 դրամ:
Նշենք, որ դեկտեմբերի 25-ից 30-ը ևս ավիաընկերությունը Երևան-Կապան-Երևան երթուղով թռիչքներն իրականացրել է ամեն օր։
Հավելենք, որ կանոնավոր չվերթերն իրականացվում են շաբաթական 3 անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
Հիշեցնենք` «Սյունիք» օդանավակայանը կառուցվել է 1972 թվականին, ամբողջությամբ վերակառուցվել 2017-20 թվականներին։ Երևանի հետ կանոնավոր հաղորդակցությունը սկսվեց 2023 թվականի օգոստոսի 21-ից։ Թռիչքներն իրականացվում են 17 ուղևորի համար նախատեսված L-410–UVP E20 ինքնաթիռով։