Վրաստանի նոր նախագահը երդմնակալությունից անմիջապես հետո ստորագրել է օրենք, որն արգելում է փակել դեմքը հանրահավաքում
Միխայիլ Կավելաշվիլին՝ որպես Վրաստանի վեցերորդ նախագահ, իր երդմնակալությունից անմիջապես հետո ստորագրել է բոլոր օրենքները, որոնք «Վրացական երազանքի» խորհրդարանն արագացված կարգով ընդունել էր նոյեմբերին, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոյի վրացական ծառայությունը։
Ստորագրումը եւս տեղի է ունեցել արագացված կարգով, արդեն կիրակի երեկոյան «Վրաստանի օրենսդրական տեղեկաուն» հրապարակել է դրանք։
Արգելվում է նաեւ օգտագործել պիրոտեխնիկա, լազերներ հանրային հավաքների ժամանակ։ Արգելվում է փակել դեմքը հանրահավաքների ժամանակ։ Զգալիորեն ավելացվում են տուգանքները ճանապարհները փակելու, գրաֆիտիների համար, ավելացվել են նոր հիմքեր ձերբակալման համար հանրահավաքների դեպքում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Ըստ մամուլի հրապարակումների՝ պարզեցվել են նաև պետական մարմիններում աշխատանքից ազատվելու եւ աշխատանքի ընդունելու գործընթացները։ Նորամուծություններից մեկն այն է, որ եթե անգամ հայցը բավարարվի դատարանի կողմից, պետությունն այլեւս պարտավոր չէ անձին վերադարձնել պետական կառույցում նախկին աշխատանքին։ Իրավապաշտպանների կարծիքով՝ քաղաքացիական ծառայության մասին օրենքում կատարված փոփոխությունները հեշտացնում են քաղաքական դրդապատճառներով աշխատողներին աշխատանքից ազատելը։
Ոստիկանության մասին օրենքի մեկ այլ փոփոխությամբ որոշ կատեգորիաների աշխատակիցների համար հեշտացվում է ՆԳՆ-ում աշխատանքի անցնելը։
Մեկ այլ փոփոխությամբ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կորցրել է պետական պաշտպանության իրավունքը՝ նախկինում նա կարող էր օգտվել այդ արտոնությունից եւս մեկ տարի։