Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հերքել է Իսմայիլ Հանիեի սպանության միջոցի մասին իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մասին իսրայելական լրատվամիջոցների նոր պնդումները, հայտնում է Mehr-ը։
Իր հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ «ամբողջովին մերժում է սիոնիստական ռեժիմի ողջ սուտը, որն այսօր է հրապարակվել, հատկապես այն, ինչ վերաբերում է նահատակ Իսմայիլ Հանիեի սպանության գործողության մանրամասներին»:
Խմբավորումը հայտարարել է, որ իր անվտանգության մարմինների և Իրանի անվտանգության ապարատի համատեղ հետաքննությունը պարզել է, որ Հանիեի սպանության գործողությունն իրականացվել է 7,5 կիլոգրամ պայթուցիկով լիցքավորված կառավարվող հրթիռի միջոցով:
«Այդ հրթիռն ուղղված է եղել անմիջականորեն նահատակ Հանիեի բջջային հեռախոսին։ Սիոնիստական ռեժիմի հայտարարությունները սոսկ հուսահատ փորձ են՝ շեղելու հասարակական կարծիքը այս բազմաշերտ հանցագործությունից, որն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության ակնհայտ ոտնահարմամբ և երկրի պաշտոնական կենտրոնակայաններից մեկի վրա հարձակում գործելու միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ իսրայելական 12-րդ ալիքը հայտարարել էր, որ Հանիեն սպանվել է Թեհրանում՝ պայթուցիկ սարքի գործարկմամբ, և, իբր, գործողությունը քիչ է մնացել ձախողվի օդորակիչի անսարքության պատճառով։