
Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպը:
«Դա քեզ համար էր, որպեսզի ավելի ուրախ անցներ, թե չէ նայելու ուրիշ հետաքրքիր բան չէր լինի», – ասել է լրագրող Պավել Զարուբինին Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ ռեզոնանսային երկխոսությունից հետո: Տեսանյութը թելեգրամյան ալիքում հրապարակել է Զարուբինը:
Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռակա կարգով:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Նիստի ժամանակ նա հիշեցրել էր այս հայտարարության մասին:
Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն Փաշինյանի հայտարարությունը. Փաշինյանը հակադարձել էր, որ ոչ ոք չի կարող դիտարկել իր հայտարարությունը: Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն հեռուստացույցն անջատելու տարբերակը, որ Փաշինյանը չկարողանա նիստին մասնակցել: