Իմ հայացքները մնում են նույնը, իսկ եթե մարդիկ եկել էին իմ համերգին եւ շնորհավորում էին ինձ, ես ի՞նչ պետք է անեի. Ռոբերտ Ամիրխանյան. «Հրապարակ»
Օրերս Աննա Հակոբյանը Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է եղել «Հովեր» կամերային երգչախմբի համերգին, որը նվիրված էր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ու խմբավար Դավիթ Ղազարյանի հոբելյաններին: Պատվավոր հյուրերի թվում էին նաեւ հոբելյարները: «Ես այսպիսի ելույթ չեմ պատկերացնում»,- իր «Այնպես ուզում եմ» երգի նորովի կատարումը լսելուց հետո ասել է Ամիրխանյանը:
Համացանցում տարածվեցին նրա եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի գրկախառնություն, ողջագուրանքը պատկերող լուսանկարները, ինչը խիստ զայրացրել է հանրության մի ստվար զանգվածի, եւ մարդիկ քննադատում են Ամիրխանյանին, գրում են, որ իրական մտավորականը երբեք չպետք է նման քստմնելի եւ շողոքորթ կեցվածք ունենա, հատկապես այն դեպքում, երբ նախկին իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ է ունեցել, նրանցից մրցանակներ է ստացել, երկար ժամանակ որպես ընդդիմադիր է ներկայացել եւ այլն:
«Հրապարակը» մի քանի հարց ուղղեց Ռոբերտ Ամիրխանյանին:
– Դուք մի ժամանակ ընդդիմադիր հայացքներ ունեիք, քննադատում էիք իշխանություններին, հիմա մարդիկ զարմանում են, որ այս աստիճան փոխվել եք:
– Իմ հայացքները մնում են նույնը, իսկ եթե մարդիկ եկել էին իմ համերգին եւ շնորհավորում էին ինձ, ես ի՞նչ պետք է անեի, կարո՞ղ էի շուռ գալ եւ այլ բաների մասին խոսել:
– Այսինքն` Դուք հիմա է՞լ եք Ձեզ ընդդիմադիր համարում:
– Դա իմ գործն է, ուրիշ ոչ մեկին չի վերաբերում: