Բաժիններ՝

Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին պետք է դադարեցվեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Իսրայելի օդային հարվածները Սիրիայի վրա խախտում են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պետք է դադարեցվեն, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային միասնությունը և ամբողջականությունը պետք է ամբողջությամբ վերականգնվեն, և ագրեսիայի բոլոր գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,-լրագրողներին հայտարարել է Գուտերեշը։

Այս ամսվա սկզբին ապստամբների կայծակնային հարձակումից ի վեր, երբ տապալվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Իսրայելը հարյուրավոր ավիահարվածներ է իրականացրել, որոնք, ինչպես պնդում է Թել Ավիվը՝ ուղղված են ռազմավարական զենքի և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացմանը:

«Թույլ տվեք հստակություն մտցնել. անջատման գոտում չպետք է լինեն այլ զինված ուժեր, բացի ՄԱԿ-ի խաղաղապահներից, և վերջ։ Իսրայելն ու Սիրիան պետք է կատարեն 1974 թվականի ուժերի բաժանման համաձայնագրի պայմանները, որը լիովին ուժի մեջ է»,-նշել է Գուտերեշը։

Ըստ նրա՝ ՄԱԿ-ը կենտրոնացած է Սիրիայում «համապարփակ, վստահելի և խաղաղ» քաղաքական անցման խթանման և աշխարհի ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկի դեմ պայքարում օգնություն ստանալու վրա:

«Սա վճռորոշ պահ է՝ հույսի և պատմության, բայց նաև վիթխարի անորոշության պահ,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Որոշ խաղացողներ կարող են փորձել օգտագործել իրավիճակը իրենց նպատակների համար։ Սակայն միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում աջակցելու Սիրիայի ժողովրդին, որն այդքան շատ է տուժել: Սիրիայի ապագան պետք է որոշի նրա ժողովուրդը, իր ժողովրդի համար՝ բոլորիս աջակցությամբ»,- ընդգծելել է նա։

Գուտերեշը նաև մեքսիկացի փաստաբան Կարլա Կինտանային նշանակել է Սիրիայում անհայտ կորածների անկախ ինստիտուտի ղեկավար և նշել, որ իր թիմին պետք է թույլ տրվի ամբողջությամբ իրականացնել իր մանդատը: Կինտանան իրավաբան է, որն աշխատել է Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի համար, ղեկավարել է Մեքսիկայի անհայտ կորածների որոնումների ազգային հանձնաժողովը 2019-2023 թվականներին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ստեղծեց գործակալությունը 2023 թվականին՝ պարզելու համար՝ ինչ է պատահել անհայտ կորածներին և աջակցություն ցուցաբերել զոհերին, փրկվածներին և նրանց ընտանիքներին:

Իսրայելական զորքերը մտել են 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո ստեղծված՝ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների միջև ապառազմականացված գոտի, որը պարեկում են ՄԱԿ-ի խաղաղապահները։ Իսրայելի պաշտոնյաներն այդ քայլն անվանել են սահմանափակ և ժամանակավոր միջոց՝ Իսրայելի սահմանների անվտանգության ապահովման համար, սակայն չեն նշել, թե զորքերը երբ դուրս կգան:

Հաագայի անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը հայտնել էէ տվյալներ, ըստ որոնց Սիրիայում կարող են լինել մինչև 66 զանգվածային գերեզմաններ, որոնք դեռևս չեն հաստատվել: Ավելի քան 150 հազար մարդ համարվում է անհայտ կորած, ըստ միջազգային և սիրիական կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Մարդու իրավունքների սիրիական ցանցի: 2011 թվականին Ասադի դաժան ճնշումը խաղաղ ցուցարարների նկատմամբ հանգեցրեց քաղաքացիական պատերազմի: Միլիոնավոր մարդիկ լքել են Սիրիան, միլիոնավոր մարդիկ էլ ներքին տեղահանվածներ են դարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս