
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Երեկ ՔՊ իշխանության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես թվերով և փաստերով փոխանցեցի ձեր պահանջը՝ Երևանում հանրային տրանսպորտը կարող է 100 դրամ սակագնով նորմալ աշխատել և զարգանալ։ Իմ ընդդիմախոսը ոչ մի փաստարկված պատասխան չտվեց մեր տեսակետին։ Նա նաև փաստորեն հրաժարվեց չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։
Հիմա, մեր իրականացրած ստորագրահավաքի արդյունքում և երեկվա բանավեճի արդյունքում պահանջո՛ւմ ենք, այս անգամ ՔՊ իշխանության վերնախավից, հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից և պահպանել 1 ուղևորության համար մինչև 100 դրամ սակագինը։
Եթե այս պահանջը անտեսվի, կստացվի, որ ՔՊ-ն արհամարհում է հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը։ Այդ դեպքում մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության կայացրած որոշումը և բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։
Եվ մենք միանալու ենք այդ բոյկոտին»։