Միջուկային զենքի կիրառման ռիսկերը հասել են նախկինում նմանը չունեցող մակարդակի. ՌԴ փոխարտգործնախարար

Ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը շարունակում է վատթարանալ, միջուկային զենքի կիրառման ռիսկերը մեծանում են, ըստ Интерфакс-ի՝ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում անցկացված համաժողովում։

«Կասկած չկա, որ միջազգային անվտանգության իրավիճակը ոչ միայն չի կայունանում, այլ շարունակում է անշեղորեն անկում ապրել»,-շեշտել է նա։

Ըստ փոխնախարարի՝ միջուկային զենքի կիրառման ռիսկերը հասել են նախկինում նմանը չունեցող մակարդակի։

«Արևմուտքի ավելի ու ավելի անխոհեմ գործողությունների արդյունքում շոշափելի ռիսկեր են ստեղծվում իրավիճակի անցման մի վիճակի, որտեղ գործնականում կարող է միջուկային զենքի կիրառման հարց առաջանալ, ընդ որում՝ ոչ թե մտահայեցողական, ինչպես ասում են, «վոլյունտարիստական», այլ մեր հռչակած դոկտրինայի ​​ուղեցույցներին լիովին համապատասխան»,- նշել է Ռյաբկովը։

Ըստ նրա՝ «ակնհայտ է, որ մենք խոսում ենք աշխարհի ամենամեծ ռազմական բլոկի ձգտման մասին, որն իրեն միջուկային դաշինք է հռչակել՝ հասնելու համար ամենախոշոր միջուկային տերություններից մեկի ռազմավարական պարտությանը»։

«Յուրաքանչյուր ոք կարող է գնահատել նման ռազմավարության վտանգավորության աստիճանը՝ հիմնվելով հզոր միջուկային զինանոցներ ունեցող պետությունների դեմ առ դեմ ռազմական բախման հնարավոր հետևանքների մասին սեփական պատկերացումների վրա»,-հավելել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։

Նա համոզված է, որ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությունը սկզբից մինչև վերջ միտված է քանդելու Ռուսաստանի Դաշնության արտաքին անվտանգության ուրվագիծը և ուղղակի և ակնհայտ սպառնալիքներ է ստեղծում ՌԴ-ի համար՝ անմիջապես Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների վրա»։

«Մենք չենք կարող այս իրավիճակը չդիտարկել որպես ռազմավարական ոլորտում ամենակարևոր և հրատապ գործոններից մեկը։ Այսօր ռազմավարական կայունության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- եզրափակել է Ռյաբկովը։

Տեսանյութեր

Լրահոս