«Օնլայն խաղերը միջոց են հանցագործությունների տարածման համար». Խաղերի վտանգները և նրանց ներգործությունը երեխաների կյանքում
Համակարգչային և հեռախոսային խաղերը երեխաների առօրյայի անբաժան մասն են դարձել։ Դրանք կարող են լինել և՛ ժամանցի, և՛ զարգացման միջոց, սակայն երբեմն աննկատ վերածվում են վտանգավոր երևույթի՝ առաջացնելով հոգեբանական խնդիրներ կամ նույնիսկ դառնալով հանցագործությունների գործիք։
Հոգեբան Լիլիթ Վարդանյանը, անդրադառնալով խաղերի հոգեբանական ազդեցությանը, նշում է, որ մինչև 6 տարեկանը խաղերն անփոխարինելի են երեխայի զարգացման համար․ դրանք օգնում են սոցիալական դերերի ու հարաբերությունների մոդելավորմանը։ Սակայն դեռահաս տարիքում խաղերը կարող են առաջացնել կախվածություն, որի ժամանակ հատկապես կարևորվում է ծնողների ճիշտ մոտեցումը։
«Ծնողներից շատերը միանգամից զրկում են հեռախոսից, սակայն մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ այս տեխնոլոգիաները մտել են մեր կյանք և անհնար է առհասարակ չօգտագործել հեռախոս։ Երեխային կարելի է թույլ տալ խաղալ 1-1.5 ժամ, բայց մնացած ժամանակն անհրաժեշտ է հատկացնել սպորտին, կրթությանը և ընտանիքի հետ շփմանը։ Այս կերպ մենք կկարողանանք խուսափել խաղային կախվածությունից»,- ըստ «Արմենպրեսի»՝ նշում է նա։
Արդյոք խաղեր ստեղծող ծրագրավորողները ի նկատի են առնում այն հանգամանքը, որ խաղերը կարող են կախվածություն առաջացնել երեխաների մոտ և բացասական ազդեցություն ունենալ նրանց հոգեբանության վրա։
Խաղեր ստեղծող ծրագրարավորող Սյուզաննա Առուստամյանը կիսվում է իր փորձով.
«Խաղերը չեն առաջացնում միայն բացասական հետևանքներ, ինչպես շատերը կարծում են։ Խաղերի մեջ կան շատ դրական կողմեր, որոնք կարևոր են երեխաների սոցիալական հմտությունները զարգացնելու համար։ Նաև շատ են մեր կողմից ստեղծված խաղերը, որոնք թիմային աշխատանքի հմտություններ են զարգացնում։ Խաղերը նաև օգնում են հանգստանալու հարցում»,-նկատում է մասնագետը:
Ծրագրավորողը չի ժխտում այն փաստը, որ կան խաղեր, որոնք ներառում են բռնություն կամ բացասական բովանդակություն, սակայն կարծում է, որ դրանք ունեն կոնկրետ նպատակ՝ նման կերպ մեծացնել տվյալ խաղի հանդեպ պահանջարկը և կախվածություն առաջացնել խաղացողի մոտ։
Իսկ խաղերի բացասական ազդեցություններից խուսափելու համար հոգեբան Լիլիթ Վարդանյանը խորհուրդ է տալիս հասկանալ, թե տվյալ խաղը ինչ է տալիս անձին, որքա՞ն ժամանակ է խլում նրանից, և որքանո՞վ է արդյունավետ նրա համար։
Իրենց տվյալները ներմուծելով խաղային տարբեր համակարգեր՝ երեխաները նաև կարող են անվտանգային խնդիրների բախվել, կամ այնպիսի խաղեր ներբեռնել, որոնք դրդում են նրանց անտրամաբանական և վտանգավոր գործողությունների։ Հատկապես 2021թվականին գրանցվել են դեպքերը, երբ երեխաները ինքնասպանության են դիմել՝ լինելով խաղից անմիջական կախվածության մեջ (Կապույտ կետ)։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը խոսեց Parental control ծնողական վերահսկողության ծրագրային ապահովման մասին, որը թույլ է տալիս ծնողներին սահմանափակել բովանդակության հասանելիությունը իրենց երեխաների հեռախոսներում։
Այս կերպ ծնողները կկարողանան կառավարել բոլոր ծրագրերը, որոնք իրենց երեխաները կփորձեն ներբեռնել իրենց հեռախոսներում և միայն ծնողների թույլտվությամբ հնարավորություն կունենան այն ներբեռնելու։
«Դրանց մի մասը անվճար են, մի մասը՝ վճարովի։ Տարբեր Օպերացիոն համակարգեր՝ IOS-ը, Android-ը, Google-ը աշխատում են այս ուղղությամբ»,- վստահ է Արթուր Պապյանը։
Նա կարծում է, որ օնլայն խաղերը միջոց են հանցագործությունների տարածման համար, քանի որ նախկինում, երբ ինտերնետը դեռևս չկար, նմանօրինակ դեպքեր էլի տեղի են ունեցել տարբեր ֆիլմերի միջոցով (Squit game):
Այն հարցին, թե ի՞նչ վերահսկողություն է իրականացվում խաղերի բացասական ազդեցությունից երեխաների պաշտպանվածության համար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը պատասխանեց, որ խաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելը խնդրին համակարգային լուծում չի տալիս։
«Խաղերն անընդհատ փոխվում են, ունեն դինամիկ անսահմանափակություն, կան խաղեր, որոնք կարող են ինքնասպանության չհասցնել, բայց երեխայի մոտ ագրեսիվ վարքագիծ կամ վախեր առաջացնել»։
Ոստիկանությունն իրականացնում է ինչպես անհատական կանխարգելիչ աշխատանքներ՝ քննելով կոնկրետ դեպքեր, այնպես էլ ընդհանուր կանխարգելիչ աշխատանքներ՝ պարբերաբար այցելելով դպրոցներ և իրազեկելով մանկավարժական անձնակազմին ու աշակերտների ծնողներին։
Էդգար Պետրոսյանը նշում է, որ անվտագության ապահովման համար աշխատանքներ են տարվում՝ շեշտը դնելով 2 կարևոր հանգամանքի վրա։
«Մենք աշխատանքներ ենք տանում անմիջապես ծնողների հետ, քանի որ բոլոր խնդիրները առաջանում են ծնողների սխալ վարքագծից։ Երբ ծնողները տեսնում են, որ երեխան անտեսում է դասերը, անգամ չի սնվում և անընդհատ հեռախոսով է զբաղվում, նրանք ոչ թե պետք է դիմեն կտրուկ քայլերի՝ ուղիղ արգելքով, այլ սահմանափակեն օգտագործման ժամանակը, ապահովեն այլ օգտակար զբաղվածություն երեխաների համար։
Երկրորդ կարևոր հանգամանքը, որի հետ կապված ևս աշխատանքներ են տարվում, կիբեռանվտանգության կանոնների պահպանումն է, որտեղ որոշակի կարգավորումներ են արվում, որպեսզի երեխաների հեռախոսներում կամ համակարգիչներում խաղերի հետ վախեցնող բովանդակություն մուտք չգործի։ Այստեղ ևս կարևոր է, որ խաղերում գրանցվելիս երեխաները խորհրդակցեն ծնողների հետ՝ անվտանգության տեսանկյունից ճիշտ և ապահով մոտեցում ցուցաբերելու համար (ապահով մեյլ, գաղտնաբառ ընտրել)»,-նշում է Էդգար Պետրոսյանը։
Նախորդ տարիների համեմատ՝ վերջին երկու տարում նկատվել է խաղերի հետևանքով ինքնասպանության և ինքնավնասման դեպքերի նվազում։
«2023թ. անչափահասների շրջանոմ գրանցվել է ինքնասպանության և ինքնավնասման 20 դեպք, իսկ 2024-ի 11 ամիսներին՝ 12 դեպք»,-նշում է Էդգար Պետրոսյանը։
Սեդա Մարտոյան