Պանիկա չկա. առայժմ նորություններ չունենք. Ռանչպարի ղեկավարը՝ հնարավոր սահմանահատների մասին

Դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստան-Թուրքիա սահմանի հատման հավանական փորձի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել։

«ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Մինչև այս պահը ԱԱԾ կողմից դեռևս պաշտոնապես չի հաստատվել՝ ի վերջո, սահմանը ինչ-որ անձինք հատե՞լ են, թե՞ ոչ։ Մինչդեռ խոսակցություններ են շրջանառվում, որ Ռանչպարում բնակիչներն անորոշության մեջ են, հատկապես, որ ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել է այդ տեղեկությունը։

168.am հետ զրույցում Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավար Վահան Վարդանյանն ասաց, որ սահմանին ապրող բնակիչները նման բաների սովոր են, հետևաբար՝ չեն ահաբեկվել։

Կարդացեք նաև

«Ես միայն բնակիչների մասով կարող եմ ասել՝ ամեն ինչ նորմալ է գյուղում, պանիկա, լարվածություն չկա։ Այդ առումով որևէ բնակչի մոտ խնդիր չկա։ Իսկ մնացած հարցերի մասով ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել։ Մենք էլ այդքանը գիտենք, առայժմ նորություններ չունենք»,- նշեց Ռանչպարի վարչական ղեկավարը։

Ըստ նրա, Ռանչպարը սահմանամերձ գյուղ է, ու չի բացառվում, որ տարվա ընթացքում 1-2 երկու դեպք լինի, կամ երկու տարին մեկ։

«Սովորական երևույթ է։ Ինքս, արդեն 3 տարի է՝ վարչական ղեկավար եմ, սակայն նման դեպք չէր եղել, որևէ մեկը սահմանը չի հատել»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս