«Մտավախություններ ունեմ, որ այդ կառույցն օգտագործվելու է որպես լծակ՝ իշխանությունը պահելու ու պաշտպանելու համար». Վազգեն Սիսլյան
Երեկ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։
Նախագծով հստակ սահմանվում են տեղական պաշտպանության ուժերի խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքներն ու կառուցվածքը։
«Տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված անձանցով, ովքեր չեն կցագրվել պատերազմական ժամանակի հաստիքներին, հաշվառված են պահեստազորի երկրորդ խմբում, կամ հանված են զինվորական հաշվառումից։ Համալրումը կիրականացվի կամավորության սկզբունքով՝ համապատասխան անձանց հետ պայմանագրի կնքման միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայության պայմանագիր»,- նշել է Սարգսյանը։
Ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի համար անհասկանալի է Կառավարության այս որոշումը, քանի որ աշխարհազորը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։
«Երբ ասում ենք աշխարհազոր, ես հասկանում եմ, որ այն երկրի սահմանները պաշտպանելու և թշնամու դեմն առնելու համար է։ Բայց լավ իմանալով, թե ինչ են այսօրվա իշխանությունները և ինչ են անում, մեծ մտավախություններ ունեմ, որ այս նոր ստեղծվելիք կառույցն օգտագործվելու է որպես լծակ՝ իշխանությունը պահելու ու պաշտպանելու համար։ Դժբախտաբար ադպես է լինելու, ամեն դեպքում ինքս այդպես եմ կարծում, տա Աստված իմ ասածի հակառակը լինի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վազգեն Սիսլյանը։
Նրա խոսքով՝ առանց այն էլ ՀՀ օրվա իշխանությունը Հայաստանն ու հայ ազգին կանգնեցրել է փաստի առաջ, հիմա էլ ուզում է առհասարակ զրկել պաշտպանողականությունից։
«Սպսենք, տեսնենք։ Կրկնում եմ՝ եթե այն ստեղծել են երկրի ու հայ ժողովրդի անվտանգությունը պահպանեու համար, հասկանալի է, բայց եթե այն ստեղծել են, իշխանական խմբին պահելու համար, իհարկե, դեմ եմ։ Եթե այդպես է լինելու, ապա իշխանությանը պաշտպանող այդ կառույցին թող այլևս չասեն աշխարհազոր կամ ինքնապաշտպանական ուժեր, թող այլ անվանում տան»,- նշեց Վազգեն Սիսլյանը։