Բաժիններ՝

Առաջիկա օրերին հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի Գազայի հատվածի վերաբերյալ․ աղբյուր

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը առաջիկայում կարող են համաձայնագիր կնքել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարությունում իր աղբյուրներին։

Գործակալության տեղեկություններով՝ Իսրայելի իշխանությունները և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը բեկում են արձանագրել բանակցություններում և մոտ են Գազայի հատվածում զինադադար հաստատելու վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։ Նշվում է, որ հիմա կողմերն առավել քան երբևէ մոտ են այդ գործարքի ձևակերպմանը։

Այդ միտքը դեկտեմբերի 16-ին երկրի խորհրդարանում հնչեցրել է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի։ Իսկ Սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Շիկլիին նշել է, որ դեռևս կա ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հնարավորություն, որը կնախատեսի բոլոր պատանդների ազատում։ Իսկ հրադադարի հաստատման ծրագրի իրագործման աշխատանքները կիրականացվեն փուլերով և կսկսվեն մինչև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի մեկնարկը։

Ըստ Bloomberg-ի՝ առաջին փուլում ՀԱՄԱՍ-ի գերությունից պետք է ազատ արձակվեն 51 տարեկանից բարձր պատանդները, կանայք և տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ։ Դրա դիմաց Իսրայելը համաներում կշնորհի իր տարածքում բանտարկված պաղեստինցիներին։ Այս փուլում նախատեսվում է նաև հրադադարի հաստատում 6-7 շաբաթով և կայուն զինադադարի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Այդ ժամանակահատվածում մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներին կթույլատրվի մուտք գործել Գազայի հատված։

Գործարքի երկրորդ փուլում նախատեսվում է մնացած պատանդների փոխանակում պաղեստինցի բանտարկյալների հետ։ Իսկ երրորդ փուլում պետք է սկսվեն Գազայում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։

Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ գործարքի կնքմանը կարող են խանգարել Գազայի հատված վերադարձող բնակիչների ստուգումները և պաղեստինյան տարածքներից իսրայելական զորքերի դուրսբերման կարգի վերաբերյալ տարաձայնությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս