Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր կստեղծվի
Կառավարությունը նախատեսում է հաստատել «Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը», որը նպատակ ունի խթանելու մասնավոր թատրոնների գործունեությունը՝ ստեղծելով հավասար մրցակցային պայմաններ և նպաստելով ստեղծագործական միջավայրի զարգացմանը։
Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Ծրագիրը մշակվել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջների հիման վրա և համահունչ է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագրի նպատակներին՝ ստեղծագործական կարողությունների իրացման բարենպաստ միջավայրի ապահովման և անկախ ստեղծագործողների գործունեության խթանման ուղղությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել մասնավոր թատրոններին՝ ապահովելով նրանց բովանդակային և կազմակերպչական աճ։
Ծրագրի միջոցով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել, ապահովել թատերական ենթակառուցվածքներ՝ բեմական տարածքներ, փորձատեղեր և այլ անհրաժեշտ ռեսուրսներ, թատերախմբերին ներգրավել պետության կողմից իրականացվող ծրագրերին, տրամադրել մրցութային դրամաշնորհների և «Բաժանորդային ծրագրի» հասանելիություն։
Շահառուներ կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներ, որոնք զբաղվում են նորարարական և փորձարարական թատերական գործունեությամբ։ Թատրոնները կարող են դիմել տարեկան մեկ անգամ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։
Աջակցությունը կտրվի մինչև 3 տարի ժամկետով։Շահառուները պարտավորվում են ապահովել ներկայացումների որակը, հանդիսատեսի թվաքանակը, ինչպես նաև ներգրավվել միջազգային փառատոներում։
Տրամադրված տարածքները կարող են վարձակալվել կամ տրամադրվել անհատույց՝ պայմանագրային հիմունքներով։ 2025 թվականին ծրագիրը կիրականացվի ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներով՝ առանց բյուջետային ծախսերի ավելացման։ 2026-ից սկսած՝ նախատեսվում է այն ներառել միջնաժամկետ ծախսային ծրագրում։ Հատուկ ուշադրություն կդարձվի թատերական ներկայացումների հասանելիությանն ու սոցիալապես անապահով խմբերի ներգրավմանը։
Պարբերական մոնիթորինգ կիրականացվի ծրագրի արդյունքները գնահատելու նպատակով՝ ներառյալ հանդիսատեսի թվաքանակը, ներկայացումների որակը և թատերախմբերի ֆինանսական արդյունավետությունը։ Ծրագրի կիրարկմամբ կձևավորվի ժամանակակից և նորարարական թատերական միջավայր, կխթանվեն թատերախմբերի գործունեությունը և հայկական թատերարվեստի հանրահռչակումը։ Բացի այդ, կբարձրացվի մշակութային արդյունքի ճանաչելիությունը, ինչպես նաև թատերական բիզնեսի ոլորտում կառավարման մոդելների արդիականացման հնարավորություն կստեղծվի։
Այս ծրագիրը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության վրա, որը ցույց է տվել, որ մասնավոր թատրոնների աջակցությունը նպաստում է թատերական արվեստի բազմազանության զարգացմանը և հանդիսատեսի ներգրավմանն ավելի լայն շրջանակներում։