![](/banners/BeFunky-design.jpg)
Բայդենը ազգային անվտանգության շուրջ հուշագիր է ստորագրել՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցության վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2024/11/jo-bayden21-1067x600-1.jpg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ազգային անվտանգության շուրջ նոր հուշագիր, որ պետք է որպես ճանապարհային քարտեզ ծառայի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի համար՝ հակազդելու Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի մերձեցմանը։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:
Պաշտոնյաները հայտնել են, որ գաղտնի հուշագիրը չպետք է հրապարակվի դրանում առկա որոշ բացահայտումների զգայունության պատճառով։
Ըստ գործակալության զրուցակիցների՝ փաստաթուղթը պարունակում է չորս լայն առաջարկություններ, մասնավորապես՝ բարելավել ԱՄՆ միջգերատեսչական համագործակցությունը, արագացնել վերոնշյալ չորս հակառակորդների վերաբերյալ դաշնակիցների հետ տեղեկատվության փոխանակումը, հարմարեցնել ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցների և տնտեսական այլ գործիքների կիրառումն՝ առավելագույն արդյունավետության հասնելու համար, ինչպես նաև ուժեղացնել նախապատրաստական աշխատանքները նշված հակառակորդների մասնակցությամբ միաժամանակյա ճգնաժամերի կառավարման համար:
Ինչպես նշում է գործակալությունը, Բայդենի և Թրամփի տեսակետները գլոբալ քաղաքականության վերաբերյալ զգալիորեն տարբերվում են։ Միևնույն ժամանակ, ներկա և ապագա վարչակազմերի պաշտոնյաներն ասել են, որ անցումային շրջանում փորձում են համակարգել գործողություններն ազգային անվտանգության հարցերի շուրջ: