Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործել․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերջին զարգացումները։ Ֆիդանի մեկնաբանությունները հրապարակել է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի, Անկարան «մեծ նշանակություն է տալիս Սիրիայի ազգային միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

«Մենք կոչ ենք անում տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին գործել զգույշ և հանգիստ, որպեսզի տարածաշրջանը հետագա անկայունության չտարվի»,- ասել է նա:

Ֆիդանը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է «պաշտպանել պետական ​​հաստատությունները և միավորել սիրիական ընդդիմադիր ուժերին»։

Նա նաև անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գտնվելու վայրին։

«Ես չեմ կարող մեկնաբանել դա, մենք չգիտենք՝ որտեղ է նա գտնվում: Հավանաբար, Սիրիայի սահմաններից դուրս է»,- ասել է Ֆիդանը:

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան «շատ զգուշավոր» է գործում, որպեսզի «երաշխավորի, որ ԴԱԻՇ-ը և PKK-ն (Քրդստանի աշխատավորական կուսակցությունը – խմբ.) չչարաշահեն այս գործընթացը»։

«Մենք կապ ենք պահպանում մեր ամերիկացի ընկերների հետ»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունն ընկել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։

Տեսանյութեր

Լրահոս