
«Սալոմե Զուրաբիշվիլին հիստերիայի մեջ է»․ Վրաստանի վարչապետ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում գործադրելու մեջ։
Հիշեցնենք, Զուրաբիշվիլին դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրության սահմանադրականությունը։ Մինչ այդ նա կարևորել էր ՍԴ-ի նկատմամբ ճնշումը՝ Բարձր դատարանին մեղադրելով անգործության մեջ:
Կոբախիձեն Զուրաբիշվիլիի այդ հայտարարությունը Սահմանադրության և օրենքի խախտում է որակել և հայտարարել`ասելով.
«Երբ նախագահ համարվող կինը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի դատավորների վրա, դա հենց հանցանք է»։ Ըստ Կոբախիձեի՝ հեռացող նախագահը «հիստերիայի» մեջ է և այլևս չունի «կարմիր գծեր»։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիի վեցամյա պաշտոնավարումն ավարտվում է այս տարեվերջին:
Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը համարում է ոչ լեգիտիմ, և իր նախագահությունը հռչակել է երկրում գործող միակ պետական մարմինը, որի վրա «Վրացական երազանք» կուսակցությունն ազդեցություն չունի։ Նա նաև հայտարարել է, որ շարունակելու է մնալ նախագահի պաշտոնում։