Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և միջազգային համագործակցության գործընթացներին՝ կանխելու անպատժելիությունը․ Արարատ Միրզոյանի ելույթը Հաագայում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին։ Նա, մասնավորապես, նշել է․

«Ասամբլեայի տիկի՛ն նախագահ,

Հարգելի՛ պատվիրակներ,

Նախ, կցանկանայի շնորհավորել Ասամբլեայի նախագահին այս մեկ տարվա ընթացքում հաջող նախագահության համար: Այս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մասնակից պետություններին առաջնորդելուն ուղղված նրա ջանքերն իսկապես արժանի են բարձր գնահատանքի։

Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունենում ասամբլեայի նստաշրջանին որպես Հռոմի կանոնադրության լիիրավ անդամ։ Մենք մեր առաջին քայլերն ենք անում այս ճանապարհին, բայց պատրաստ ենք ակտիվ դերակատարություն ունենալ։ Այս բարձր մարմնի անդամ դառնալու կարևոր որոշումը հեշտ չի կայացվել։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի պատմությունը՝ մենք հաստատակամ էինք այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարադատության և պատասխանատվության խթանումն առանձնակի կարևորություն ունեն, և դրանց կարելի է հասնել միայն մեր ջանքերի համախմբմամբ։

Մենք համոզված ենք, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է։ Այն նպաստում է նաև միջազգային իրավունքի զարգացմանը՝ այն դարձնելով ներկայիս մարտահրավերներին առավել համապատասխան։ Եվ, թերևս, ամենակարևորն՝ այն արդարադատություն է ապահովում ոճրագործությունների զոհերի համար, ինչը խաղաղության և հաշտեցման կարևորագույն բաղադրիչ է։ Հետևաբար, Հայաստանը լիովին գիտակցում և ընդունում է իր պատասխանատվությունն՝ ակտիվորեն նպաստելու Դատարանի հզորացմանը և առաջընթացին։

Ցավոք, ամենալուրջ միջազգային հանցագործությունների աշխարհագրությունն ընդլայնվում է, իսկ տեխնոլոգիական զարգացումներն ընձեռում են նոր մեթոդներ և հնարավորություններ դրանք իրագործելու համար։ Հրամայական է, որ համախոհ երկրները ջանք չխնայեն կանխելու և պատժելու ամենածանր հանցագործությունները, որոնք մարտահրավեր են նետում մարդկությանը. ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ագրեսիա:

Մենք արդեն չափից շատ ենք ականատես եղել իրավիճակների, երբ վաղ նախազգուշացումն ու գործողությունները խաթարվել են նեղ քաղաքական շահերի պատճառով՝ կաթվածահար անելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջականորեն պատասխանատու կառույցների արդյունավետ գործունեությունը։ Այս առումով կանխարգելման մեխանիզմների, մասնավորապես վաղ նախազգուշացման հնարավորությունների, ինչպես նաև միջազգային դատարանների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի զսպման ներուժի ամրապնդումը կարող է մեզ ուղղորդել դեպի ավելի ապահով աշխարհ։ Սոսկ ամրապնդելով գլոբալ կոնսենսուսը և համոզմունքն առ այն, որ առավել ծանր հանցագործությունները չեն հանդուրժվելու, և որ պատասխանատվությունը կենսական է երկարատև ու կայուն խաղաղության համար՝ մենք կապահովենք, որ արդարադատությունը չլինի միայն մի քանիսի արտոնությունը, այլ բոլորի իրավունքը։ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և միջազգային համագործակցության գործընթացներին՝ կանխելու անպատժելիությունը և ամրապնդելու միջազգային նորմերի պահպանման հանձնառությունը։

Մենք համոզված ենք, որ ժողովուրդների միջև համագործակցային ոգին ոչ միայն ամրապնդում է Միջազգային քրեական դատարանն, այլ նաև մեր հավաքական ունակությունը՝ պահպանելու արդարադատությունն ու իրավունքի գերակայությունը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Որպես ցեղասպանության կանխարգելման օրակարգի երկարամյա ջատագով՝ Հայաստանը կանգնած է միջազգային գործողությունների առաջնագծում՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ քաղաքականության և գործելակերպի ամրապնդմանը, ինչպես նաև միջազգային հանրային ցանցի ձևավորմանը՝ միտված կանխարգելման մեթոդների առաջմղմանը։ Համապատասխանաբար, Հայաստանը նախաձեռնել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը», որը կազմակերպվում է ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ՝ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով։ Հայաստանը հպարտ է լինել այդ բանաձևի հեղինակը։

Ամփոփելով՝ կցանկանայի անդրադառնալ Միջազգային քրեական դատարանի` իր գործունեության կենտրոնում զոհերի խնդիրները պահելու բնույթին։ Մենք հավատում ենք, որ զոհերն արժանի են անաչառ արդարադատության, քանի որ անպատիժ հանցագործությունները հանգեցնում են կրկնության և դրանց վերարտադրման։

Զոհերին աջակցելու համատեքստում թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել «Զոհերի աջակցության հիմնադրամին»՝ աջակցության ու ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են Հռոմի կանոնադրությամբ սահմանված հանցագործությունների հետևանքով առաջացած վնասների հաղթահարմանը։

Շնորհակալություն»։

Տեսանյութեր

Լրահոս