Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» բ/կ տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:
Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից քննչական խմբի մի մասը մեկնում է հիվանդանոց, մի մասն էլ՝ մանկապարտեզ: Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե.-ն է: