Ինչպե՞ս է Թբիլիսին բալանսավորելու այդ հանգամանքը՝ սերտ գործակցությունը Չինաստանի հետ, ու երկխոսությունը Թրամփի հետ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ իրենք ամեն ինչի մասին կխոսեն Թրամփի վարչակազմի հետ: Նա ասել է նաև, թե դեմոկրատական վարչակազմը փորձում է ամեն ինչ անել Թրամփին ծանր ժառանգություն թողնելու համար: «Նրանք դա անում են Ուկրաինայի և Վրաստանի հարցում, թեև դա սկզբունքային նշանակություն չի ունենա։ Կսպասենք նոր վարչակազմին և ամեն ինչի մասին կխոսենք նրանց հետ», հայտարարել է Կոբախիձեն:

Նախօերին անդրադարձել էի  Թրամփ-Վրաստան «հարաբերության» խնդիրն, հիշեցնելով, թե ըստ էության որն էր եղել դրա այսպես ասած ընդհատված, վերջին կետը՝ պետքարտուղար Պոմպեոյի այցը Վրաստան 2020 թվականի նոյեմբերի կեսին:

Փաստացի Կոբախիձեի հայտարարությունը վկայում է, որ Թբիլիսին սպասում է Թրամփի պաշտոնամուտին: Բայց, մտածել, թե դրանից հետո վրաց-ամերիկյան հարաբերությունում ամեն ինչ կլինի հալած յուղի պես, անշուշտ միամտություն է:

Թրամփը չի էլ թաքցնում, որ գլխավոր խնդիրը դիտարկում է Չինաստանը: Այսինքն, սա նույնիսկ Թրամփի հարց չէ: Թրամփն է, թե Բայդենը, միևնույն է՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը արձանագրում է, որ գլխավոր մրցակիցը Չինաստանն է, որը կամաց-կամաց կարողանում է կրճատել ԱՄՆ հետ տնտեսական տարբերությունը:

Իսկ Չինաստանը Վրաստանում կատարում է մեծ ներդրումներ՝ Արևելք-Արևմուտք լոգիստիկայի կամ այսպես ասած նոր Մետաքսի ճանապարհի իր ծրագրի հաշվարկով:

Ինչպես հայտնի է, կառուցվում է Անկլիա նավահանգիստը, որը կլինի Վրաստանի ամենամեծ և խորը նավահանգիստը:

Ինչպե՞ս է Թբիլիսին բալանսավորելու այդ հանգամանքը՝ սերտ գործակցությունը Չինաստանի հետ, ու երկխոսությունը Թրամփի հետ:

Գուցե հույս կա, որ Թրամփն այդուհանդերձ կգերադասի գործել ոչ թե Չինաստանի «ճանապարհին», այլ հենց «քթի տակ» ՝ ասիախաղաղօվկիանոսյան գոտում, պայմանավորվելով Ռուսաստանի հետ, այլ կերպ ասած՝ Չինաստանին «զսպելով հենց բնում»:

Բոլորովին բացառված չէ: Ի դեպ այդ համատեքստում ուշադրության է արժանի մի տեղեկություն, որ եղավ օրերս: Դրան ես անդրադարձել եմ առանձին հոդվածով, սակայն տելեգրամյան ալիքում չեմ հասցրել շոշափել թեման: Խոսքն այն մասին է, որ ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն օրեր առաջ Պեկինում բանակցել էր Չինաստանի ԱԳ նախարարի օգնականի հետ, ու տարածվել էր հաղորդագրություն, որ Մոսկվան ու Պեկինը քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Մոսկվա-Պեկին հարաբերությունում Հարավային Կովկասի թեման հաճախակի շոշափվող թեմա չէ, և դրա բարձրաձայնումը արժանի է ուշադրության»։

Տեսանյութեր

Լրահոս