Ժողովուրդ, բա հողամասից, տնից, տեղից ու ամեն ինչից զրկված մարդիկ մերը չե՞ն. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք, 20 սանտիմետրով ցանկապատը աջ-ձախ տանելու համար հարևանի հետ տարիներով չխոսացող ժողովուրդս,
Մենք, կիսվող տան բակի ամեն մի մետրի համար բարեկամներով տարիներ դատվող ժողովուրդս,
Մենք, ավտոտնակի դիմաց խալխի մեքենան կանգնացնելու համար համաշխարհային տուրուդմփոցի պատրաստ ժողովուրդս,
Մենք, մեր հողամաս մտնող հարևանի ծառի ճյուղերը կտրել պահանջող ժողովուրդս,
Մենք, առաջ տրվող պատշգամբը տակի ու վերևի հարևաններից 10 սմ ավել սղցրած ժողովուրդս,
Մենք, ընդհանուր աստիճանավանդակի վրա երեխեքի հեծանիվներն ավելի լավ տեղ կայանելու համար ձայններս մինչև ՄԱԿ-ի ամբիոն հասցնելու պատրաստ ժողովուրդս,
Մենք, քաղաքապետարանի աչքից հեռու պարիսպը գիշերով կես մետր առաջ դնող ժողովուրդս,
Մենք, անձնական տարածքի համար դիմացինի կոկորդը կրծելու պատրաստ, սեփական օջախի «մանյակ» ժողովուդս…
Բա այն կորուսյալ 10 000 քկմ տարածքը, մեր հարազատների արյամբ ու քրտինքիվ շաղախված, մերը չէ՞ր, մեր օջախը չէ՞ր, մեր հողը չէ՞ր։
Բա հողամասից, տնից, տեղից ու ամեն ինչից զրկված մարդիկ մերը չե՞ն։
Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գարաժի»։