
Վրաստանում հատուկջոկատայիններին չի հաջողվել ցրել բոլոր ցուցարարներին. առավոտից բողոքի ցույցը Թբիլիսիում շարունակվում է

Հատուկջոկատայիններին չի հաջողվել ամբողջությամբ ցրել Թբիլիսիի կենտրոնում հավաքված ցուցարարներին, առավոտից բողոքի ցույցը Թբիլիսիում շարունակվում է, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Գիշերը ոստիկանները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ, մինչդեռ ցուցարարները ճայթրուկներ են նետել, հրավառ նյութեր են օգտագործել, բարիկադներ են կառուցել, բարձրացել են խորհրդարանի շենքի վրա և կոտրել լուսավորության համակարգը։ Ոստիկանության գործողություններից հետո ցուցարարներն աստիճանաբար նահանջել են Ռուսթավելի պողոտայից և այժմ գտնվում են Ճավճավաձեի պողոտայում՝ Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ՝ հենց այն վայրում, որտեղ վրանային քաղաքը ցրվել է մի քանի օր առաջ։
Սա բողոքի չորրորդ օրն է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետը հայտարարել է ԵՄ անդամակցության բանակցությունների հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու որոշման մասին: