Թրամփը ՀԴԲ տնօրենի պաշտոնում առաջադրել է Քաշյափ Փաթելի թեկնածությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում ընտրելու է Քաշյափ «Քաշ» Փաթելին՝ դաշնային իրավապահ մարմիններում քիչ փորձ ունեցող, 44-ամյա լոյալիստին:

«Քաշը փայլուն իրավաբան է, քննիչ և «Նախևառաջ համուն Ամերիկայի» մարտիկ, որն իր կարիերայի ընթացքում բացահայտել է կոռուպցիան, պաշտպանել արդարադատությունը և ամերիկացի ժողովրդին, – գրել է Թրամփը Truth Social կայքում:- Նա առանցքային դեր է խաղացել Ռուսաստանի մասին կեղծ տեղեկատվության բացահայտման գործում և դարձել ճշմարտության, հաշվետվողականության և Սահմանադրության պաշտպան»:

Ըստ NBC News-ի՝ Փաթելը, որը ՀԴԲ տնօրեն դառնալու համար պետք է ստանա Սենատի հավանությունը «Թրամփի բացարձակ հավատարիմ մարդու համբավ ունի, որը «խորը պետության» դավադրության անկիմն տեսություններ է տարածում և կոչ է անում մաքրել ՀԴԲ-ն Թրամփի ենթադրյալ թշնամիներից»։

«Նախագահ Թրամփի կողմից ՀԴԲ տնօրենի պաշտոնում առաջադրվելը պատիվ է ամբողջ կյանքի համար, – ասվում է Փաթելի հայտարարության մեջ:- «Միասին մեր արդարադատության համակարգում մենք կվերականգնենք ազնվությունը, հաշվետվողականությունը և հավասար արդարադատությունը և կվերադարձնենք ՀԴԲ-ին իր օրինական առաքելությանը՝ ամերիկյան ժողովրդի պաշտպանությանը»:

Իր առաջին ժամկետի վերջին ամիսներին Թրամփը Փաթելին դարձյալ առաջարկել էր ՀԴԲ-ի ղեկավար նշանակել: Սակայն Ուիլյամ Բարը, որն այն ժամանակ գլխավոր դատախազն էր, կտրականապես դեմ արտահայտվեց, և Թրամփը հրաժարվեց իր ծրագրերից:

«Պաթելը գործնականում ոչ մի փորձ չուներ, որը թույլ տար նրան ծառայել ամենաբարձր մակարդակով աշխարհի գլխավոր իրավապահ գերատեսչությունում»,- հետագայում գրել է Բարն իր հուշերում:

Դեմոկրատ օրենսդիրները վախենում են, որ Թրամփի կոշտ գծին հավատարիմ մարդը, ինչպիսին Փաթելն է, կարող է փոխել երկրի ամենահզոր դաշնային իրավապահ մարմնի կազմը և խնդիրները: Նրանք նաև պնդում են, որ ՀԴԲ-ի Թրամփին ոչ լոյալ գործակալների ցանկացած զտում նպատակ ունի վախեցնել նրանց, ովքեր կհամարձակվեն հետաքննել նախագահի գործողությունները:

Թրամփի կողմից Փաթելի առաջադրումը խախտում է նաև Ուոթերգեյթից հետո ընդունված նորմը, ըստ որի ՀԴԲ տնօրենները պաշտոնավարում են տասը տարով։ Այս պրակտիկայի նպատակն է ապահովել, որ ՀԴԲ-ն ապաքաղաքական լինի, որպեսզի այն չծառայի կոնկրետ նախագահի քաղաքական շահերին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայիս տնօրեն Քրիստոֆեր Ռեյը պետք է ավարտի իր տասնամյա պաշտոնավարումը 2027 թվականին։

Թրամփի հայտարարությունից հետո ՀԴԲ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «Ամեն օր ՀԴԲ-ի տղամարդիկ և կանայք շարունակում են աշխատել՝ պաշտպանելու ամերիկացիներին աճող սպառնալիքներից: Տնօրեն Ռեյի ուշադրության կենտրոնում են ՀԴԲ-ի աշխատակիցները, այն մարդիկ, որոնց հետ մենք աշխատում ենք, և այն մարդիկ, որոնց համար մենք աշխատում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս