
Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ բախումների արդյունքում վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներից մեկը

Թբիլիսիում ոստիկանության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների ենթադրյալ բռնի գործողությունների հետևանքով ՆԳՆ աշխատակիցներից մեկը վիրավորվել է և տեղափոխվել բուժհաստատություն, ըստ վրացական Առաջին ալիքի՝ ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնի գործողություններից և բողոքի ակցիաներ իրականացնել օրենքով սահմանված նորմերին համապատասխան։
Ըստ հայտարարության՝ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները մոբիլիզացված են օրենսդիր մարմնի մոտ և պաշտպանում են օրենքը և կարգը։ Չնայած տեղում հավաքի մասնակիցներին՝ իրենց բողոքը խաղաղ արտահայտելու և Ժողովների և ցույցերի մասին օրենքով սահմանված նորմերը չգերազանցելու մասին ոստիկանների բազմաթիվ կոչերին, հավաքվածներից ոմանք դիմակայել են իրավապահներին և վիրավորական արտահայտություններ արել նրանց հասցեին։
«Հանրությանը տեղեկացնում ենք նաև, որ ոստիկանների դեմ ցուցարարների ենթադրյալ բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ մեկ աշխատակից, որը տեղափոխվել է բուժհաստատություն։ Հանրահավաքի մասնակիցներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ բռնի գործողություններից և օրենքով սահմանված նորմերին համապատասխան բողոքի ակցիաներ իրականացնել»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։