Երևանի քաղաքապետարանն ամանորյա ձևավորման աշխատանքների համար կծախսի 568 միլիոն դրամ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց մայրաքաղաքի ամանորյա ձևավորման աշխատանքների մանրամասները։ Երևանի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի ամանորյա ձևավորման աշխատանքների համար կիրառվել է երկփուլ մրցույթի ընթացակարգ՝ ընդգրկելով նախաորակավորման պահանջներ և մանրամասն գնահատման գործընթաց։ Մրցույթի նախաորակավորման փուլում սահմանվել էր, որ մասնակից կազմակերպությունները պետք է ունենան վերջին երեք տարիների ընթացքում առնվազն երկու և նվազագույնը 150 միլիոն դրամի պայմանագիր մշակութային միջոցառումների կազմակերպման ոլորտում։
«Նախանշված բյուջեն կազմում էր մոտ 600 միլիոն դրամ, և այս պահանջը սահմանվել էր՝ ապահովելու համար, որ մրցույթին մասնակցեն համապատասխան փորձառություն ունեցող կազմակերպություններ»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ մրցույթին հայտ են ներկայացրել հինգ կազմակերպություններ, որոնցից մեկը չի համապատասխանել նախաորակավորման պահանջներին, այնուհետև չորս կազմակերպություն հրավիրվել են բանակցությունների՝ քննարկելու պահանջներն ու աշխատանքների բաշխման մանրամասները։
«Ամանորյա ձևավորման աշխատանքները բաժանվել են հինգ հիմնական լոտերի. գլխավոր տոնածառի զարդարանքի և սարքավորումների մատակարարում՝ 50 միլիոն դրամ բյուջեով, երգող շատրվանի տարածքի ձևավորում՝ 60 միլիոն դրամ բյուջեով, Սուրբ ծննդյան տոնավաճառի կազմակերպում՝ 190 միլիոն դրամ բյուջեով, գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության կազմակերպում՝ 90 միլիոն դրամ բյուջեով, քաղաքի տարբեր վայրերի ամանորյա լուսավորում՝ 210 միլիոն դրամ բյուջեով»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ առաջին լոտի համար հայտեր չեն ներկայացվել, իսկ մնացած չորս լոտերի համար հաղթող են ճանաչվել հետևյալ կազմակերպությունները. «Ֆակտորի փրոդաքշն»՝ հաղթող երկրորդ, երրորդ և չորրորդ լոտերում: «Սինեմարտ»՝ հաղթող հինգերորդ լոտում:Չնայած առաջին լոտի մրցույթը չի կայացել՝ քաղաքապետարանը որոշել է այս տարի ձեռք բերել որոշ սարքավորումներ՝ ավելի փոքր բյուջեով՝ 18 միլիոն դրամ։
«Գլխավոր տոնածառի ձևավորման համար հաջորդ տարի կվերադառնանք նոր սարքավորումների և ճյուղերի ձեռքբերման գաղափարին»,- նշեց Գրիգորյանը։