
Ամերիկացի սենատորները Բաքվում հայտարարել են, որ սատարում են Հայաստանին և պաշտպանում հայերի՝ ԼՂ վերադառնալու իրավունքը

ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը Բաքվում COP29-ի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իրենց սատարումն են հայտնել Հայաստանին և պաշտպանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։
Մասնավորապես սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը:
«Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և պետք է պահպանվի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը»,-ասել է ամերիկացի սենատորը։
Իր հերթին Շելդոն Ուայթհաուսը նշել է, որ իրենք սատարում են Հայաստանին։
«Սենատոր Մարքին և ես սատարում ենք Հայաստանին: Մենք անչափ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան մեծաթիվ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար», – նշել է Ուայթհաուսը: