
Հնդկաստանը մեծ հեռահարության նոր թևավոր հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը հաջողությամբ իրականացրել է Long Range Land Attack Cruise Missile (LRLACM ) սեփական մշակման մեծ հեռահարության թևավոր հրթիռի առաջին թռիչքային փորձարկումը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։
Արձակումը կատարվել է նոյեմբերի 12-ին Օդիշայի նահանգի ափերի մոտ գտնվող Չանդիպուրի հրթիռների փորձարկման գոտու շարժական արձակման կայանքից: «Հրթիռը ցուցադրել է իր առաջավոր հնարավորությունները:
Փորձարկումների ժամանակ LRLACM-ի բոլոր համակարգերը գործել են կանոնավոր ռեժիմով և համապատասխանել են արձակման նպատակներին», – ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ տարբեր արագություններով և բարձրություններում բարդ մանևրեր կատարած հրթիռի թռիչքին հետևել են ռադարների և օպտիկաէլեկտրոնային հետևող համակարգերի միջոցով։
LRLACM-ը նախատեսված է շարժական ցամաքային արձակման կայանքներից և ռազմածովային ուժերի նավերի ունիվերսալ ուղղահայաց արձակման մոդուլներից արձակման համար: