
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ ԿԺԴՀ զինվորականները մասնակցում են ՌԴ Կուրսկի մարզում բախումներին

Ամերիկյան վարչակազմը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի զինծառայողներն սկսել են մասնակցել ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններին։ Ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Այսօր ես կարող եմ հաստատել, որ ԿԺԴՀ ավելի քան 10 000 զինվոր ուղարկվել է Ռուսաստանի արևելյան մաս, և նրանց մեծ մասը տեղափոխվել է արևմտյան Կուրսկի մարզ, որտեղ նրանք ռուսական ուժերի հետ միասին սկսել են մասնակցել մարտական գործողություններին», – ասել է Պատելը։
Նա նաև պնդել է, թե Ռուսաստանը «ԿԺԴՀ զինվորներին ուսուցանել է հրետանային գործ, անօդաչու թռչող սարքերի օգտագործում և հետևակի հիմնական հմտություններ, ներառյալ խրամատների մաքրում, որոնք կարևոր հմտություններ են առաջնագծի գործողությունների համար»:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև նշել է, որ հյուսիսկորեացի զինվորները որոշակի մարտահրավերների կբախվեն ռուսական ուժերի հետ ինտեգրվելու առումով, քանի որ պետք է հաղթահարեն փոխգործունակության, լեզվական արգելքի հետ կապված և այլ խնդիրներ։Հոկտեմբերի 24-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հերքել ամերիկյան պնդումներն այն մասին, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան։
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հունիսին Փհենյանում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Ըստ համաձայնագրի 4-րդ հոդվածի՝ եթե կողմերից մեկը մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով: