
Միշուստինը Բաքվում կմասնակցի COP29-ին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 13-ին Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ, ինչպես նաև ելույթ կունենա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի 29-րդ նստաշրջանում (COP29): Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«2024 թ. նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Մ. Վ. Միշուստինն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն և հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ Ի. Հ. Ալիևի հետ, բանակցություններ կվարի Ադրբեջանի վարչապետ Ա. Ի.Ասադովի հետ: Նախատեսվում է նաև նրա ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանում», – հայտնել են ՌԴ նախարարների կաբինետից։
Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում անցկացվում է COP29՝ Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քսանիններորդ նստաշրջանը։ Դրան մասնակցում են շուրջ 80 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ուրիշներ։ Բացի այդ, համաժողովին են ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։