Թրամփը լուրջ է վերաբերվում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելուն. Ֆինլանդիայի նախագահ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Թրամփը լուրջ է վերաբերվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելուն։
Նա ասել է, որ մինչև 2025 թվականի հունվարին Թրամփի երդմնակալության արարողությունը «հնարավորության պատուհան» կա՝ քննարկելու խաղաղության շուրջ համաձայնության մանրամասները։
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ալեքսանդր Ստուբը թվարկել է չորս, իր կարծիքով, Ուկրաինայի համար խաղաղության կարևոր նախապայման՝ տարածքային վեճերի լուծում, անվտանգության երաշխիքներ, արդարություն և ռազմական գործողությունների ավարտից հետո երկրի վերականգնում։
«Կարծում եմ՝ մենք Եվրոպայում և ամբողջ աշխարհում պետք է հասկանանք, որ Դոնալդ Թրամփը շատ լրջորեն է վերաբերվում որքան հնարավոր է շուտ խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։ Այս բանակցությունների համար հնարավորությունների պատուհան կա ընտրությունների և երդմնակալության միջև ընկած ժամանակահատվածում», – ասել է Ստուբը Bloomberg-ին:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է ստիպել Ռուսաստանին և Ուկրաինային վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները։ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Կիևը առաջիկա չորս-հինգ ամիսները վճռորոշ է համարում հակամարտության ընթացքի համար: