
Ադրբեջանի թիրախnւմ Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն է․ Monument Watch

2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ։ Այս մասին գրել է Monument Watch-ը։
Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ է առաջ քաշում, որ թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն ‹‹դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ››, ուստի պետք է ապամոնտաժվի:
Կարող ենք հավաստել, որ ադրբեջանական իշխանությունը չի արգելում Ստեփանակերտ այցելող իր բնակիչներին տարբեր գրություններով պատել հուշարձանը, ինչպես նաև կրկին խրախուսում է հուշարձանը քանդելուն ուղղված քննարկումները: