Բժանիան Աբխազիայի բնակիչներին խնդրում է «հանգստություն պահպանել և չտրվել սադրանքներին»
Աբխազիայում տիրող իրավիճակը մեկնաբանել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն։
«Սիրելի հայրենակիցներ. Գրում եմ ձեզ՝ կապված մեր քաղաքացիների համար մեծ անհարմարությունների պատճառ դարձած հանրապետական ավտոճանապարհի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ։ Ամբողջ գիշեր հանրապետության ղեկավարությունը զբաղված էր այս խնդրի լուծմամբ։ Այսօր երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։
Իմ հանձնարարությամբ բանակցություններ են վարվել Աձյուբժա գյուղի բնակիչների հետ։ Նրանք ըմբռնումով մոտեցան, և ճանապարհի այս հատվածը ապաշրջափակվեց։ Երկրի ղեկավարությունը շարունակում է աշխատել մայրուղու մյուս հատվածների ապաշրջափակման ուղղությամբ։
Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում նախօրեին բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ։
Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում եմ պահպանել հանգստություն և չտրվել սադրանքներին։ Աբխազիայի Հանրապետության իրավապահ մարմիններն ունեն բավարար ուժ և միջոցներ երկրում անվտանգությունն ու օրինականությունն ապահովելու համար»,- իր ուղերձում ասել է Աբխազիայի ղեկավարը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան կապված է ընդդիմադիրներ Օմար Սմիրի, Գարրի Կոկայի, Ալմասխան Արձինբայի, Ռամազ Ջոպուայի և Ասլան Գվարամիայի կալանավորման հետ։ Իշխանություններն ասել են, որ նրանք «անօրինական գործողություններ են կատարել պատգամավորի նկատմամբ»։ Telegram-ի ալիքները հայտնել են, որ խոսքը պատգամավոր Ալմաս Ակաբայի մասին է։ Միջադեպը, ենթադրաբար, կապված է պատգամավորի կողմից ռուս-աբխազական ներդրումային համաձայնագրին աջակցելու հետ, որը խորհրդարանը նախատեսում է հաստատել նոյեմբերի 15-ին։
Ընդդիմությունը դեմ է ներդրումային համաձայնագրի վավերացմանը և նախատեսում էր հանրահավաք անցկացնել փաստաթղթի քննարկման օրը։
Նոյեմբերի 11-ի երեկոյան ցուցարարները հավաքվել էին Պետական անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ մեքենայով բախվել էին դարպասին, իսկ ավելի ուշ շարժվել դեպի Ազատության հրապարակ։ Աբխազիայի նախագահի նստավայրի մոտ ռազմական տեխնիկա է բերվել