Բա մարգարե չէր, ի՞նչ էր. Ռուբեն Մելիքյանը` Վլադիմիր Նազարյանի մասին
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Հայաստանի լավագույն իրավաբանի» մասին այս Պուշկինյան քննարկումներն առիթ դարձան, որ հիշեմ Հայաստանի իսկապես լավագույն իրավաբանին՝ լուսահոգի Վլադիմիր Նազարյանին (1932-2002)։ Իրավունքի քայլող հանրագիտարան էր, իրավական մտածողության տիպար էր, օրենքներ գրելու վարպետ էր, նաև՝ սուր ու դիպուկ «խայթոցների» ու առհասարակ զինաթափող երգիծանքի ասպետ էր։
ՀԳ. Աշխատում էի լսել Վլադիմիր Ռուբենիչի բոլոր հարցազրույցները, որովհետև նրանից սովորելու ավելի լավ ձև չկար։ 2001 թե 2002 թիվն էր՝ սկսել էր քննարկվել Հայաստանում օմբուդսմանի ինստիտուտ ներդնելու հարցը։ Մի հարցազրույցի ընթացքում (կարծեմ «Ար» հեռուստաընկերությունում էր) հարցրեցին Ռուբենիչին՝ ինչ է կարծում այդ կառույցի մասին։ Ասեց՝ ես դեմ եմ։ Լրագրողը զարմացավ՝ թե բա ինչո՞ւ:
Ասեց՝ «շատ պարզ. Օմբուդսմանն ակամա դառնում է մարդու իրավունքների անձնավորված կերպարը։ Մի օր ինչ-որ մի խայտառակ մեկին կնշանակեն օմբուդսման՝ ու նրա պատճառով մարդու իրավունքների բարձր գաղափարը ժողովրդի աչքում հողին կհավասարվի»։ Բա մարգարե չէր՝ ի՜նչ էր…»